Չինաստանում հայտարարել են ԵՄ-ի հետ շահերի հիմնարար բախման բացակայության մասին
Չինաստանի և ԵՄ-ի միջև բացակայում է շահերի հիմնարար բախումը, քանի որ երկու կողմերն էլ հանդես են գալիս բազմաբևեռության օգտին և աջակցում են ՄԱԿ-ի ղեկավար դերին միջազգային հարաբերություններում:
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի արտաքին գործերի հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վան Յիի հայտարարությունը, որը նա արել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ հանդիպման ժամանակ:
«Չինաստանի և ԵՄ-ի միջև շահերի ֆունդամենտալ բախում չկա, երկու կողմերը հանդես են գալիս մուլտիլատերալիզմի, աշխարհի բազմաբևեռության և միջազգային հարաբերությունների ժողովրդավարացման օգտին, աջակցում են միջազգային համակարգին, որի կորիզը Միավորված ազգերի կազմակերպությունն է», – նրա խոսքը մեջբերում է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքը
Կողմերը մտքեր են փոխանակել Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման հարցի շուրջ: Վան Յին ընդգծել է, որ Չինաստանը աջակցում է եվրոպական անվտանգության հավասարակշռված, արդյունավետ և կայուն միջավայրի ստեղծմանը, կշարունակի հավատարիմ մնալ խաղաղ բանակցությունների խթանմանը և կշարունակի կառուցողական դեր խաղալ ճգնաժամի քաղաքական կարգավորման գործում: