
Եվրահանձնաժողովը 2024 թվականից խստացնում է Ուկրաինային ֆինանսական օգնություն տրամադրելու պայմանները

Եվրահանձնաժողովը (ԵՀ) 2024 թվականից խստացնում է Կիևին ֆինանսական օգնության տրամադրման պայմանները, որն առաջիկա չորս տարիների ընթացքում պետք է կազմի 50 միլիարդ եվրո։ Այդ միջոցները կհաշվեգրվեն միայն կոնկրետ բարեփոխումների իրականացման և երկրի վերակառուցման շրջանում ներդրումային ծրագրերի ստորագրման դիմաց: Այդ մասին Բրյուսելում լրագրողներին հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ Վալդիս Դոմբրովսկիսը։
«Ֆինանսավորում ստանալու համար Կիևը պետք է ընդունի Ուկրաինայի վերակառուցման ծրագիր, որը կներառի բարեփոխումներ և ներդրումներ, ինչպես նաև բարեփոխումներ, որոնք անհրաժեշտ են ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության նպատակով: Համապատասխանաբար, գումարը կփոխանցվի այդ ներդրումների և բարեփոխումների կատարմանը զուգընթաց»,- Դոմբրովսկիսի խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը։
Կիևը ներկայում եվրոպական ֆինանսավորումն ստանում է առանց նախնական պայմանների: