Առաջին անգամ քաղաքացիական հրազեն ձեռք բերելու քննության համար կսահմանվեն ավելի պարզեցված ընթացակարգեր
Հայաստանի ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվող փոփոխություններից մեկը վերաբերում է առաջին անգամ քաղաքացիական հրազեն ձեռք բերող քաղաքացիներին:
«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը քվեարկությամբ ստացավ 59 կողմ, 11 ձեռնպահ ձայներ:
Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը նշել էր, որ կարևոր փոփոխություններից մեկը վերաբերում է հենց առաջին անգամ քաղաքացիական հրազեն ձեռք բերող քաղաքացիներին: Օրենքը նախատեսում էր, որ այդ դեպքում քաղաքացիներն ունեն պարտականություն կառավարության երաշխավորած ռազմամարզական հասարակական կազմակերպություններից մեկում հանձնել զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննություններ:
«Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռազմամարզական կազմակերպություններին վերաբերող դրույթները պետք է շատ ավելի դետալային քննարկման առարկա դառնան, և այլ օրենքի շրջանակներում պետք է ավելի ճիշտ լուծումներ նախատեսվեն, ըստ այդմ առաջարկում ենք այս օրենքից հանել ռազմամարզական կազմակերպություններին վերաբերող դրույթները, բայց և պահպանել քննության հանձնման կանոնը, որ մեր քաղաքացիները կարողանան օգտվել առաջին անգամ քաղաքացիական հրազեն ձեռք բերելու հնարավորությունից: Եվ ըստ էության Ներքին գործերի նախարարի համապատասխան հրամանով կտանք շատ ավելի պարզեցված ընթացակարգեր մեր քաղաքացիների համար այս քննությունը հանձնելու նպատակով»,-ասել էր Սարգսյանը:
Իսկ, եթե անձն արդեն ունի զենքի թույլտվություն, հաջորդ անգամ երկարաձգման դեպքում քաղաքացին կրկին չի ներկայացնի որոշակի խումբ փաստաթղթեր: Ըստ փոխնախարարի՝ այս կարգավորմամբ էլ թոթափում են քաղաքացիների այդ բեռը:
Օրենքի նախագծով նախատեսվում է նաև, որ ՀՀ ՊՆ-ի համակարգի սպայական կազմի զինծառայողներին սպայական դաշույնով պարգևատրելու իրավունք կարող է ունենալ նաև Պաշտպանության նախարարը՝ ՀՀ ԶՈՒ կարգապահական կանոնագիրք օրենքով սահմանված կարգով: Պարգևատրման իրավունք տրված էր միայն վարչապետին: Այսպիսով` դաշույնի մասով արվում է բացառություն: