
Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան չի դադարեցնի սպառազինության համակարգերի կատարելագործումը

ԿԺԴՀ-ն չի դադարեցնի սպառազինության ավելի կատարելագործված համակարգերի մշակումը «թշնամական ուժերի» գործողությունների պատճառով, որոնք խաթարում են Կորեական թերակղզու անվտանգությունը։ Այդ մասին հայտարարել է հանրապետության ղեկավար Կիմ Չեն Ընը «Հվանսոն-18» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հաջող արձակման առթիվ։
Ըստ Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության՝ Կիմ Չեն Ընը հուլիսի 12-ին անձամբ է տեղում ղեկավարել հրթիռի արձակումը:
«Լիակատար գոհունակություն հայտնելով փորձարկումային արձակման արդյունքներից՝ հարգելի ընկեր Կիմ Չեն Ընն ուրախությամբ ասել է, որ ներկայիս հաջողությունը ցույց տվեց ԿԺԴՀ-ի հզորությունը, որի զինանոցում կա միջուկային պատերազմի հուսալի զսպման միջոց՝ նախատեսված ինքնապաշտպանության և ջախջախիչ հարձակման համար։ Ներկայիս հաջողությունը ևս մեկ նշաձող է Հյուսիսային Կորեայի ռազմավարական ուժերի զարգացման գործում», – գործակալության հաղորդագրությունից հատված է մեջբերում ТАСС-ը։
Հյուսիսային Կորեայի առաջնորդը նաև շնորհակալություն է հայտնել հրթիռի մշակման մեջ ներգրավված գիտնականներին և ինժեներներին և ռազմավարական խնդիրներ է դրել պաշտպանական գիտության առջև՝ երկրի միջուկային ուժերի ամրապնդման համար:
Հուլիսի 12-ին, Հյուսիսային Կորեան մեծ հեռահարության բալիստիկ հրթիռ էր արձակել, որը թռել էր 1000 կմ և ընկել Ճապոնական ծովը։