Բաժիններ՝

Փրկենք Ծաղկաձորը. Հայտարարություն

Մենք՝ ներքոստորագրյալ նախաձեռնող խմբի անդամներս, դիմում ենք հայոց մտավորականությանը և բոլոր մտահոգ անձանց՝ հայտարարելով.

Ծաղկաձորը նահատակվում է աղետալի արագությամբ` ոչնչացվում են անտառները, ձորակներն ու բնական աղբյուրները՝ իրենց տեղը զիջելով բազմաֆունկցիոնալ բարձրահարկերի:

Ո՞ւմ համար են կառուցվում այդ շենքերը, ի՞նչ հիմունքներով, և ո՞ւմ փողերով:

Զարմանալիորեն մի կողմ է նետվել կառավարության կողմից 2006 թվականի հուլիսի 10-ի որոշումով օրենքի ուժ ստացած Ծաղկաձոր քաղաքի գլխավոր հատակագիծը, որտեղ հատուկ ձևակերպված է, որ Ծաղկաձորում երեք-չորս հարկից բարձր շենքեր կառուցելն արգելվում է: Այնինչ այսօր արդեն կառուցվել կամ կառուցման ընթացքի մեջ են մեկ տասնյակից ավելի տասը-տասներկու հարկանի բնակելի շենքեր, որոնք հիմնականում կառուցվում են անտառները ոչնչացնելու ճանապարհով:

Առկա աղետից բացի, կան նաև տասնյակ հեկտար անտառապատ տարածքներ, որոնք տարիներ առաջ ապօրինաբար դուրս են գրվել Հայանտառի համակարգից և սեփականաշնորհվել, որոնք այսօր նույնպես կառուցապատման ու ոչնչացման վտանգի տակ են:

Սիրելի մտավորականներ, սիրելի մտահոգ անձինք, մի տարի հետո ուշ կլինի, կավարտվի Ծաղկաձորյան ողբերգությունը: Ծաղկաձորը պետք է փրկել այսօր, եթե ոչ` մեր թոռները Ծաղկաձորում ո´չ ծաղիկ կգտնեն, ո´չ ծառ…

Ուրեմն, հենց հիմա է պահը՝ հրավիրել մտավորականների համաժողով և դիմել Հայաստանի Գրողների միությանը և ստեղծագործական բոլոր միություններին, որ մասնակցեն համաժողովին, որը կայանա հենց Ծաղկաձորի Ստեղծագործական տանը, որպեսզի բոլորն իրենց աչքերով տեսնեն դաժան իրականությունը` համոզմունքով, որ համաժողովն իր հաստատակամ ուղերձով կդիմի Ազգային ժողովին. շուտափույթ քննել արդեն վաղուց հասունացած խնդիրը և ընդունել օրենք` ԾԱՂԿԱՁՈՐԸ ՀՌՉԱԿԵԼ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ, քանի դեռ գիշատիչների խնջույքը չի կտրել հազարամյա վերջին ծառը:

Մտահոգությամբ և հավատով`

Հենրիկ Էդոյան

Արտեմ Հարությունյան

Մերուժան Տեր-Գուլանյան

Մովսես Մանուկյան

Աշոտ Օհանյան

Ժիրայր Դադասյան

12.07.2023

քաղաք ԾԱՂԿԱՁՈՐ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս