Բաժիններ՝

Ճապոնիայի կողմից ռադիոակտիվ ջուրն օվկիանոս բաց թողնելուն ընդառաջ՝ Հարավային Կորեայում սպառվել է ծովի աղը․ CNN

Հարավային Կորեայի բազմաթիվ սուպերմարկետներում դարակներից անհետացել է ծովի աղը: Երկիրը ծովի աղի խիստ պակասի դեմ պայքարում է վերջին մեկ ամսվա ընթացքում։ Դա կապված է հանրային անհանգստության հետ, որ առաջացրել են «Ֆուկուսիմա» ատոմակայանից մաքրված ռադիոակտիվ ջուրը հեռացնելու Ճապոնիայի ծրագրերը: Այս մասին տեղեկանում ենք CNN-ի հրապարակումից։

Ըստ CNN-ի թղթակցի, որն այցելել է Սեուլի մի շարք սուպերմարկետներ, ծովի աղը լիովին սպառվել է։ Ծովի աղի պակասն այնքան զգալի է, որ կառավարությունն իր պետական պաշարներից ստիպված է եղել աղ բաց թողնել՝ կարգավորելու աղի գինը, որն ապրիլից սկսած ավելի քան 40 %-ով բարձրացել է։

Ռադիոակտիվ ջրի բացթողման նախաշեմին ավելացել է սպառումը նաև ձկնաշուկայում։

Մաքրված ռադիոակտիվ ջուրը երկար տարիների ընթացքում խիստ կնոսրացվի և աստիճանաբար կհեռացվի Խաղաղ օվկիանոս: Ճապոնիայի իշխանությունները և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը պնդում են, որ ծրագիրն անվտանգ է, համապատասխանում է միջազգային չափանիշներին, և որ այդպես են վարվում ատոմակայաններն ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում:

Սակայն այս հավաստիացումներն առայժմ չեն մեղմել հարևան երկրների մտահոգությունները․ Հարավային Կորեայում ձկնորսները պնդում են, որ իրենց ապրուստը վտանգի տակ է, իսկ բնակիչները սննդամթերք են կուտակում՝ վախենալով ռադիոակտիվ նյութերի հնարավոր ազդեցությունից։ Չինաստանն էլ արգելել է սննդամթերքի ներմուծումը Ճապոնիայի 10 պրեֆեկտուրաներից:

«Ֆուկուսիմա-1» ատոմակայանի տարածքում այժմ ավելի քան 1,25 միլիոն տոննա ջուր է կուտակվել բաքերում․ այն օգտագործվել է 2011 թվականի մարտին ցունամիի հետևանքով վնասված ռեակտորների սառեցման համար։ Ճապոնիայի կառավարությունը պնդում է, որ ջուրն, ընդհանուր առմամբ, մաքրված է ռադիոակտիվ նյութերից և պարունակում է միայն ջրածնի իզոտոպ՝ տրիտում։ 2021 թվականի ապրիլին Տոկիոն որոշում է կայացրել այդ ջրի զգալի քանակություններ լցնել օվկիանոս: Կառավարությունն ասել է, որ ջրահեռացումը կսկսվի այս ամառ, թեև չի նշել հստակ ամսաթիվը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս