«Աշոտյանի նամակը օգնելու է բոլորին. ԱՄՆ Պետդեպի և դիվանագիտական կորպուսի մոտ այն լուրջ մտահոգություններ կառաջացնի». Նաիրա Կարապետյան
«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանն այն կարծիքին է, որ «խաղաղության պայմանագրի» ստորագրումն ավելի է բացելու Ալիևի ախորժակը:
«Ալիևը փոքր քայլերի քաղաքականությամբ հասնում է իր նպատակին, այն է՝ Արցախը հայաթափել, Արցախն ադրբեջանականացնել: Անկախ Նիկոլ Փաշինյանի տված գնահատականներից, թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ նրա քաղաքական թիմը բազմիցս կրկնում են, որ ճանաչում են Արցախը՝ Ադրբեջանի կազմում: Այս պնդումներից հետո որևէ ակնկարկներ, նախադասություններ ես համարում եմ անհիմն»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթին:
Այսօր կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանն արձանագրել էր, թե ինչ աղետալի իրավիճակ է ստեղծվել Արցախում այն բանից հետո, երբ Ադրբեջանն անգամ հումանիտար բեռների տեղափոխում թույլ չի տալիս: Փաշինյանն անհիմն էր համարել Ալիևի մեղադրանքները՝ ընդգծելով, որ Հայաստանը ԼՂ-ում զինվոր չունի, միևնույն ժամանակ հույս էր հայտնել, որ Ալիևի հետ հանդիպմանն ավելի կմոտենան խաղաղության պայմանագրի ստորագրմանը:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի արձանագրմանը, որ նրանք ևս մեկ քայլով կմոտենան խաղաղության պայմանագրին, ապա, Նաիրա Կարապետյանի խոսքով՝ դրան երբեք չեն մոտենալու, քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է իշխանության. «Խաղաղությունը չի լինում պարտադրված և ստորացված, խաղաղություն չի լինում, երբ մի կողմը ծնկած է և որևէ արժանապատիվ փոխհատուցում չի ստանում: Սա խաղաղության պայմանագիր չէ, սա դասական կապիտուլյացիոն պայմանագիր է: Հայաստանը և Ադրբեջանը միմյանց հետ խաղաղության պայմանագիր ստորագրելով՝ արձանագրում են, որ կոնֆլիկտը եղել է Հայաստանի և Ադրբեջանի միջև, Հայաստանը կոնֆլիկտի լիիրավ կողմ է, այսինքն՝ վեճը եղել է տարածքային, և Նիկոլ Փաշինյանի բառերով՝ հիմա Հայաստանը տարածքից հրաժարվում է, և կնքվում է պայմանագիր:
Սա մեզ համար կործանում է: Քանի քայլ էլ մոտենանք նրան, ինչին գնում է Նիկոլ Փաշինյանը, նշանակում է, որ մենք հաստատուն քայլերով գնում ենք դեպի կործանում: Հիմա, թե ինչո՞ւ Ալիևը չի ուզում մոտեցնել այդ կործանումը, ինձ համար զարմանալի է, ամեն դեպքում, կարծում եմ, որ նա ունի հմուտ դիվանագիտական խորհրդատուներ, ովքեր նրան հուշում են, որ գոնե միջազգային պրակտիկայում խաղաղությունը և կոնֆլիկտի լուծումը չի կարող լինել ռազմական եղանակով, առավել ևս՝ ազգերի ինքնորոշման հիմք ունեցող կոնֆլիկտների: Այսինքն՝ անկախ Նիկոլ Փաշինյանից՝ Ալիևի մոտ կա մտավախություն, որ ինչ-որ պահի նա կդատապարտվի, դրա համար նա, մեր սիրելի դասականի բառերով ասած՝ դանդաղ է շտապում»:
Անդրադառնալով կալանավայրից Արմեն Աշոտյանի՝ ԱՄՆ դեսպանին ուղղված բաց նամակին, նա նշեց, որ Աշոտյանը շատ մանրամասն ներկայացրել է, թե ինչու պետք է ԱՄՆ-ը Արցախի հիմնախնդրին վերաբերվի ազգերի ինքնորոշման իրավունքի հիմքի վրա. «ԱՄՆ դեսպանի կողմից, բնականաբար, պատասխան չի լինի, եթե լինի էլ, կլինեն ստանդարտ նախադասություններ, բայց ես հույս ունեմ՝ եթե ոչ՝ դեսպանի, ապա ԱՄՆ Պետդեպի և դիվանագիտական կորպուսի մոտ այդ նամակը լուրջ մտահոգություններ կառաջացնի: Նամակը նաև կարևոր է միջազգային կազմակերպությունների համար, խոսքը Եվրոպական խորհրդարանի, եվրոպական տարբեր կառույցների, ինչո՞ւ ոչ՝ նաև Ռուսաստանի մասին է: Այս նամակը կարևոր է նրանով, որ գրվել է բանտախցից, այսինքն՝ շինծու քաղաքական գործով պարզապես լռեցված քաղաքական անձը, այնուամենայնիվ, շարունակում է իր մտքերը շարադրել և շարադրել շատ գրագետ: Հավատացեք, սա լուրջ ազդակ է:
Արմեն Աշոտյանի այս նամակը գոնե ՀՀ իշխանությանը կզրկի հնարավորությունից նույն եվրոպական կառույցներում պնդելու, որ քաղաքական բանտարկյալներ Հայաստանում չկան: Միայն Արմեն Աշոտյանը չէ, գեներալ Խաչատուրովին և մյուսներին չմոռանանք, ովքեր պարզապես լռեցվել են, բայց Արմեն Աշոտյանի նամակն օգնելու է բոլորին: Աշոտյանի կալանավորումը երկու նպատակ ուներ. Առաջինը՝ նրան լռեցնել, քանի որ առաջին ձեռքից ինֆորմացիա եվրոպական կառույցներից մենք ստանում էինք հենց Արմեն Աշոտյանի միջոցով՝ իր անձնական կապերի, գործընկերների և Հայաստանի ընկերների կողմից: Երկրորդը վախի մթնոլորտ սփռելն է, որ եթե անցնում ես թույլատրելի ընդդիմադիր լինելու սահմանները, կարող ես հայտնվել ճաղերի հետևում: Ուզում եմ հույս հայտնել, որ իմ ճանաչած քաղաքական գործիչների շրջանում այս քայլը վախ չառաջացրեց, այլ հակառակ էֆեկտն ունեցավ»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում