ՄԱԳԱՏԷ-ն կարծում է, որ «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ից մաքրված ջրի արտանետումն օվկիանոս ճառագայթաբանական աննշան ազդեցություն կունենա
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) կարծում է, որ «Ֆուկուսիմա-1» վթարային ատոմակայանից մաքրված ջրի հեռացման՝ Ճապոնիայի ծրագիրը համապատասխանում է միջազգային ստանդարտներին։ Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, հուլիսի 4-ին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։
«Մենք կարծում ենք, որ Ճապոնիայի իշխանությունների ծրագիրը համապատասխանում է միջազգային ստանդարտներին», – ընդգծել է Գրոսին: – Մենք նաև հուսալի ենք համարում ջրի մաքրման համակարգը»:
Նրա խոսքով՝ ջրահեռացման իրականացման դեպքում ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները երկար տարիների ընթացքում կգտնվեն Ճապոնիայում՝ վերահսկելու այդ ընթացակարգը։
Միևնույն ժամանակ, ինչպես նշված է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության զեկույցում, ճապոնական «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ից մաքրված ջրի արտանետումն օվկիանոս ճառագայթաբանական աննշան ազդեցություն կունենա մարդկանց և շրջակա միջավայրի վրա։
«Ֆուկուսիմա-1» ատոմակայանի բաքերում այժմ կուտակվել է ավելի քան 1,25 միլիոն տոննա ջուր, որն օգտագործվել է 2011 թվականի մարտին ցունամիի հետևանքով այնտեղ վնասված ռեակտորները սառեցնելու համար։ Ճապոնիայի կառավարությունը պնդում է, որ այն հիմնականում զերծ է ռադիոակտիվ նյութերից և պարունակում է միայն ջրածնի իզոտոպ տրիտում։ 2021 թվականի ապրիլին Տոկիոն որոշում է կայացրել այս ջրի զգալի քանակություններ լցնել օվկիանոս: