«Մեզ մոտ վտանգվում է փաստաբանի մասնագիտությունը». Սիմոն Բաբայան
Այսօր խորհրդարանում ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ և փաստաբանների մասնակցությամբ տեղի ունեցավ «Բռնության դեպքերի աճը, փաստաբանների մասնագիտական գործունեության առջև ծառացած խնդիրները» քննարկումը, որին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություննից որևէ պատգամավոր չէր մասնակցում։
Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը խոսեց վերջին շրջանում փաստաբանների նկատմամբ իրականացվող բռնությունների և մասնագիտական խոչընդոտների մասին՝ ընդգծելով, որ քննարկմանը պատկան մարմինների բացակայությունն իր համար բավականին մտահոգիչ է։
«4 ամիս առաջ մենք ունեցանք նմանատիպ առաջին բացասական երևույթը՝ փաստաբաններ Մարզպետ Ավագյանի և Էմանուել Անանյանի նկատմամբ բռնություն էր կիրառվել, որը տեղի էր ունեցել Էրեբունու ոստիկանությունում։ Այստեղ առանցքային նշանակություն ունի այն հանգամանքը, որ գործընկերներն իրականացնում էին մասնագիտական գործունեություն։ Առավել թիրախային էր այն հանգամանքը, որ մասնագիտական գործունեությունը պայմանավորված էր անչափահասների խոշտանգման դեպքով պաշտպանությամբ։ Արդյունքում՝ մենք ունենք հարուցված քրեական վարույթ, որը հարուցվել էր՝ ինչպես փաստաբանների նկատմամբ, և, եթե չեմ սխալվում, նաև դեպքի առթիվ»,- նշեց Սիմոն Բաբայանը։
Երկրորդ նմանատիպ միջադեպն էլ տեղի էր ունեցել հունիսի 7-ին և կրկին ոստիկանական բաժանմունքում։
«Փաստաբան Կարեն Ալավերդյանը ենթարկվել էր բռնության, կիրառում են անհամաչափ միջոցներ, մեզ համար անընդունելի: Մասնավորապես կիրառել էին ձեռնաշղթաներ, օգտագործել արցունքաբեր գազ, վերջինս ենթարկվել է խուզարկման։ Այսինքն՝ այստեղ այնպիսի մի իրավիճակ էր, որ այն երաշխիքները, որոնք օրենքով ամրագրված են փաստաբանի մասնագիտական գործունեության իրականացման կապակցությամբ՝ ուղղակի անտեսվում ու ոտնահարվում են։
Այս ամենի վերաբերյալ դիմելով իրավասու մարմիններին, ցավոք, չենք տեսնում որևէ արձագանք։
Փաստաբանի մասնագիտությունը մեզ մոտ վտանգվում է»,- շեշտեց Փաստաբանների պալատի նախագահը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում