Միրզոյանի վաշինգտոնյան «dream team»-ը՝ պլյուս Էդմոն Մարուքյան
Վաշինգտոնում, մասնավորապես՝ Արլինգթոն արվարձանում, շարունակվում են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի բանակցություններն Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հովանու ներքո։
Նախարարները, որոնք նման օրակարգով և նման ձևաչափով բանակցությունների նպատակով Վաշինգտոնում են երկրորդ անգամ մայիսի 1-ի քառօրյա բանակցություններից հետո, արդեն հասցրել են առանձին-առանձին հանդիպումներ ունենալ ԱՄՆ պետքարտուղարի հետ, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ Միրզոյան-Սալիվան-Բայրամով ձևաչափով։
Հատկանշական է, որ այս անգամ Արարատ Միրզոյանը Վաշինգտոն է մեկնել իրեն ուղեկցող,կարելի է ասել, համալրված կազմով։ Վաշինգտոնյան և ընդհանրապես իր արտասահմանյան այցերը Միրզոյանը հիմնականում անցկացնում է իր մտերիմ ՔՊ-ական «գործիչների» պարտադիր մասնակցությամբ, որոնք ԱԳՆ-ում դարձել են նրա թիմը: Խոսքը, մասնավորապես, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական Դավիթ Կարապետյանի մասին է։
Վաշինգտոնում Միրզոյանին ուղեկցում է նաև փոխնախարար ՎահեԳևորգյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը։ Այս անգամ Արարատ Միրզոյանին է միացել նաև հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ Սա այն բացառիկ դեպքերից է, երբ Էդմոն Մարուքյանն իր այս պաշտոնում հրապարակային որևէ հանդիպման է մասնակցում։
Այս պաշտոնում նրա նշանակումից հետո սա նրա հազվադեպ հրապարակային հանդիպումներից է, Մարուքյանի հրապարակային գործունեությունն այս ընթացքում սահմանափակվել է միայն հարցազրույցներ տալով և իշխանության տապալված արտաքին քաղաքական քայլերն արդարացնելով։
Թե ինչո՞ւ է անհրաժեշտություն առաջացել Մարուքյանին ևս Միրզոյանի հետ գործուղել Վաշինգտոն, և ինչո՞վ է Մարուքյանի ներկայությունը նպաստելու գործընթացին, թերևս, հայտնի է միայն իշխանությանը։ Հարկ է նաև նշել, որ Միրզոյանի վաշինգտոնյան թիմում դիվանագետ է և դիվանագիտական աստիճան ունի միայն փոխնախարար Վահե Գևորգյանը։