19 միլիարդ դրամ՝ ասֆալտապատ ճանապարհները կրկին ասֆալտապատելու համար
Այսօր կառավարության նիստի ընթացքում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն առաջարկեց Պետական բյուջեում, կառավարության որոշումներում ու գնման պայմանագրերում մի շարք փոփոխություններ կատարել։
Նախարարի փոխանցմամբ՝ այդ փոփոխությունների նպատակը՝ 2023 թվականի հիմնանորոգումների ծրագրերով նախատեսված ընդհանուր 24 ճանապարհահատվածի և մեկ տրանսպորտային օբյեկտի աշխատանքները շարունակելու կամ սկսելու համար գումար հատկացնելն է։
«24 ճանապարհահատվածի այն հատվածները, որոնք այս տարի ավարտական տեսքի կբերվեն՝ 47 կմ է, դրանց մի մասը միջպետական ճանապարհներ են, մի մասը՝ հանրապետական, մյուս մասը՝ տեղական։ Ընդհանուր գումարը 18,9 մլրդ դրամ է, որից 18,6 միլիարդը շինարարության համար է, մնացած մասը՝ հատկացումների։
Որպեսզի այս մասը հստակ լինի, որ 18,9 միլիարդով 43 կմ ենք կառուցում, ասեմ՝ ինչի մասին է խոսքը։ Մենք եթե որևէ ճանապարհ ամբողջովին չենք ավարտել, դրա կիլոմետրը չենք հաշվում 500 կմ-ի մեջ։ Եթե նույնիսկ սկսենք կառուցել 10 կմ ճանապարհ, որտեղ նախատեսված է 2 շերտ, բայց մենք տեղադրել ենք դեռևս մեկ շերտը, այդ ճանապարհը 500 կմ-ի մեջ չենք հաշվում։ Հիմա այս 19 մլրդ դրամով մենք ավելի շատ երկարությամբ ճանապարհներ ենք սկսում, բայց դեռևս այս փուլում 47 կմ-ի ավարտն է»,- նշեց Գնել Սանոսյանը։
Նիկոլ Փաշինյանը նախարարից հետաքրքրվեց, թե ներկայացվածը նախահաշի՞վն է, ապա Գնել Սանոսյանի հաստատող պատասխանը լսելուց հետո շարունակեց մեկ առ մեկ թվարկել, թե որ ճանապարհների մասին է խոսքը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում