«Այս դժվարին պահին Արցախի ժողովրդին միայնակ մի թողեք. եղեք մեր կողքին, վաղն ուշ է լինելու». Արցախի ԱԺ նախագահը դիմում է հայությանը

Ադրբեջանի նախագահը Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպումից հետո հանդես է եկել հերթական ռազմատենչ հայտարարությամբ։ Այցելելով Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական Բերձոր քաղաք՝ նա հայտարարել է, որ արցախահայությունն այլընտրանք չունի, պետք է ենթարկվի Ադրբեջանի օրենքներին, Արցախի նախագահը հրաժարական տա, իսկ Արցախի ԱԺ-ն լուծարվի։

«Կամ նրանք վզները կախ կգան մեզ հետ խոսելու, կամ հիմա ամեն ինչ այլ կերպ կզարգանա։ Նրանք կարող են համաներման հույս ունենալ միայն այն դեպքում, եթե ինքնակամ վայր դնեն իրենց բոլոր կեղծ պաշտոնները և դիմեն Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար։ Իմ խոսքը վերջնական է, և բոլորը դա գիտեն՝ ինչպես Ադրբեջանում, այնպես էլ՝ ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում։ Մենք անում ենք այն, ինչ ասում ենք: Եթե ես ասում եմ, որ համաներումը կարող է լինել տարբերակներից մեկը, նրանք չպետք է բաց թողնեն այդ հնարավորությունը…»,- ասել է Ալիևը։

168.am հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն արձագանքելով Ալիևի այս հայտարարությանը, նախ նշեց, որ Արցախի հիմնախնդրի լուծումը հնարավոր է միայն փոխվստահության մթնոլորտում, մինչդեռ Ադրբեջանի նախագահն իր ամեն հայտարարությամբ հեռացնում է այդ մթնոլորտի ձևավորման հնարավորությունից։

«2020 թվականի եռակողմ հայտարարությամբ մեր հայրենիքի մեծ մասը նվեր ստանալու փաստը բացել է Ադրբեջանի նախագահի զավթողական ախորժակը։ Միջազգային բոլոր չափանիշներին ու սկզբունքներին համապատասխան ստեղծված ու կայացած Արցախի պետական ինստիտուտների լուծարման մասին հայտարարությունը ոչ միայն ոտնձգություն է նույն չափանիշների ու սկզբունքների հանդեպ, այլ այն վկայություն է Արցախն Ադրբեջանին բռնակցելու՝ Ադրբեջանի նախագահի նկրտումների մասին։

Կարդացեք նաև

Տարածաշրջանում ձևական խաղաղության ճանապարհը վտանգված է։ Վտանգված է նաև իրենից վտանգ չներկայացնող Արցախի ժողովրդի լիարժեք կյանքի իրավունքը։ Աշխարհի ցինիկ լռության պայմաններում ժողովրդավարական Արցախը պայքարում է»,- նշեց Արթուր Թովմասյանը։

Արցախի ԱԺ նախագահը նաև կոչով դիմեց Հայաստանի և սփյուռքի հայությանը, ընդգծելով.

«ՀՀ և սփյուռքի սիրելի հայրենակիցներ, այս դժվարին պահին Արցախի ժողովրդին միայնակ մի թողեք, հայի այս տեսակը հաստատակամ է՝ չի շեղվել ու չի շեղվելու իր ընտրած ուղուց։ Ձեզ հետ միասին մենք շատ թանկ գին ենք վճարել Արցախի անկախության համար, այս ճակատագրական պահին մեծ ճիգերի շնորհիվ առայժմ հաջողվում է պահպանել մեր պատմությունն անարժան ձևով չփակելու հնարավորությունը, պարզապես եղեք մեր կողքին, վաղն ուշ է լինելու»,- եզրափակեց Արթուր Թովմասյանը։

Տեսանյութեր

Լրահոս