«Փաշինյանին ուղարկեք մանկապարտեզ». Մովսես Հակոբյան
Այսօր Նիկոլ Փաշինյանը կրկին այցելել էր ԱԺ՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով՝ պատասխանելու հանձնաժողովի անդամների հարցերին։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Փաշինյանին հարց ուղղեց՝ կապված պատերազմի ժամանակ հրամանատարական շտաբում այնպիսի անձանց ներկայության հետ, որոնք իրավունք չունեին լինելու այնտեղ։
«Ըստ սոցցանցերում տարածված նկարների՝ այնտեղ եղել են մարդիկ, որոնք իրավունք չունեին գտնվել այնտեղ։ Իհարկե, սա այն բանը չէր, որ պետք է քննարկենք, քանի որ այսօր հարցերի տրամաբանությունն այլ է, բայց քանի որ շատ է շահարկվել, հանձնաժողովում որոշեցինք այս հարցն այնուամենայնիվ հնչեցնել։ Եղել են մարդիկ, ովքեր իրավունք չունեին գտնվել այնտեղ, մասնավորապես՝ Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն, ինչպե՞ս կմեկնաբանեք գաղտնիության փաստաթուղթ չունեցող անձի ներկայությունը հրամանատարական կետում։
Պարոն Փաշինյան, նաև շատ է խոսվում Արցախում ձեր կնոջ՝ Աննա Հակոբյանի գտնվելու փաստից, ով շփումներ է ունեցել ոչ միայն Արցախի Հանրապետության, ոչ միայն քաղաքական, այլև ռազմական ղեկավարության տարբեր պաշտոնյաների հետ։ Այս առումով ի՞նչ կարող եք ասել»,- հետաքրքրվեց Անդրանիկ Քոչարյանը։
Պատասխանելով՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ամենևին էլ փաստ չէ, որ այն մարդը, ով հրապարակել է այդ տեղեկությունը, խոսքը Մովսես Հակոբյանի մասին է, նա այդ բունկերում գտնվելու իրավունք ուներ։
«Ինքն այդ ժամանակ եղել է Ռազմական վերահսկողության վարչության պետը և ինքն այդ ռազմական դրության պայմաններում իր աշխատավայրում չի գտնվել։ Այս հարցը պետք է քննվի՞, թե՞ ոչ։ Երկրորդը՝ ինքը գտնվել է այնտեղ, ես չգիտեմ, առիթ ունեցել եմ ՊՆ-ին այս հարցով դիմելու, ասեմ՝ հիմնավորեք, որ ինքն այնտեղ գտնվելու իրավունք ուներ»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։
168.am–ի հետ զրույցում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այս հայտարարություններին՝ կարճ արձագանքեց։
Նախ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ՊՆ-ից կհետաքրքրվի, թե Մովսես Հակոբյանն արդյոք իրավունք ունե՞ր լինելու հրամանատարական բունկերում, և ռազմական դրության ժամանակ իր աշխատավայրում չի եղել, Մ. Հակոբյանն արձագանքեց.
«Թող ճշտի, արդեն վաղուց պետք է ճշտած լիներ։ Դա իր պարտականության առաջին կետերից էր, թե ես որտեղ պետք է լինեի»։
Ինչ վերաբերում է նրա մեկ այլ հայտարարությանը, թե պատերազմի օրերին Մովսես Հակոբյանը որոշում էր կայացրել, որ պետք է էվակուացներ Արցախի 7-րդ պաշտպանական շրջանը, ինչը կանխել են ինքն ու Արցախի նախագահը, Մովսես Հակոբյանը նկատեց.
«Նիկոլ Փաշինյանին ուղարկեք մանկապարտեզ, թող գնա այնտեղ, նորից սովորելով գա, որպեսզի իմանա, թե ով ինչ իրավունքներ ունի և ինչ հրամաններ տալու իրավասություններ ունի»։
Հարցին՝ արդյոք պատրաստվո՞ւմ է գնալ քննիչ հանձնաժողով, քանի որ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նիստի ժամանակ ևս մեկ անգամ հորդորեց, որպեսզի նա գնա այնտեղ, Մովսես Հակոբյանը պատասխանեց.
«Ես մանկահասակությունից վաղուց դուրս եմ եկել, կրկեսներ այլևս չեմ գնում»։