Բաժիններ՝

Կանզասի պատվիրակությունն այցելել է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

Հայաստան-Կանզաս գործընկերության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակներում ԱՄՆ Կանզաս նահանգի ներկայացուցիչները ադյուտանտ գեներալ, գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորությամբ այցելել են ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։

Հոսպիտալում նրանց ընդունել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, բժշկական ծառայության գնդապետ Գեղամ Փաշիկյանը:

Պատվիրակությունը շրջել է հոսպիտալում, ծանոթացել հոսպիտալի հնարավորություններին, ինչպես նաև ծառայության կազմում գործող շարժական դաշտային հոսպիտալի կարողություններին ու դրա միջազգային գնահատման նախապատրաստական աշխատանքներին։

Նշվում է, որ այցի ընթացքում ամփոփվել են ռազմական բժշկության ոլորտում համագործակցության ձեռքբերումները, ընդգծվել գործընկերության հետագա ընդլայնման կարևորությունը և փոխգործակցության համար առավել հետաքրքրություն ներկայացնող ռազմական բժշկության ուղղությունները։

Հոսպիտալում բուժում ստացող զինծառայողների համար ելույթ է ունեցել ԱՄՆ ազգային գվարդիայի նվագախումբը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս