Պարենի և անհրաժեշտ ապրանքների մուտքն արգելափակված է Ադրբեջանի կողմից․ Արտակ Բեգլարյան
Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով ռուսաստանյան խաղաղապահների տեղաշարժը վերականգնված չէ, ինչը նշանակում է, որ պարենամթերքի և այլ խիստ անհրաժեշտ ապրանքների մատակարարումը մինչև հիմա ամբողջովին արգելափակված է Ադրբեջանի կողմից։ Այս մասին ասվում է Արցախի նախկին պետնախարար,մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանի տելեգրամյան կայքի գրառման մեջ։
«Ինչպես տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը, այսօր, տասնօրյա լիակատար շրջափակումից հետո, Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոնի» 15 հիվանդ 9 ուղեկցողի հետ տեղափոխվել է Հայաստանի Հանրապետության բժշկական մասնագիտացված կենտրոններ՝ ԿԽՄԿ Արցախի գրասենյակի միջնորդությամբ և ուղեկցությամբ։ Բազմաթիվ հիվանդներ դեռ սպասում են Հայաստան տեղափոխվելուն և Արցախ վերադառնալուն։
Օրվա ընթացքում նախատեսվում է Արցախ վերադարձնել 16 հիվանդի (ուղեկցողների հետ միասին), որոնք Հայաստան էին ուղարկվել պետպատվերի շրջանակում բուժվելու նպատակով, ինչպես նաև Արցախ հասցնել խիստ անհրաժեշտ դեղամիջոցներ և բժշկական նշանակության առարկաներ։
Ուզում եմ նշել, որ Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով ռուսաստանյան խաղաղապահների տեղաշարժը վերականգնված չէ, ինչը նշանակում է, որ պարենամթերքի և այլ խիստ անհրաժեշտ ապրանքների մատակարարումը մինչև հիմա ամբողջովին արգելափակված է Ադրբեջանի կողմից»,- գրել է Բեգլարյանը։