Պրիգոժինի հեղաշրջման փորձը կարող է ճակատագրական լինել Պուտինի ու Կրեմլի համար․ վրացի քաղաքական մեկնաբան

«Դժվար էր պատկերացնել, որ Ռուսաստանում զինված հեղաշրջման փորձ կիրականացնի հենց Պրիգոժինը»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց վրացի քաղաքական վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին՝ անդրադառնալով Ռուսաստանում ծավալվող դրամատիկ ներքաղաքական իրադարձություններին։

Հիշեցնենք, որ Ռուսաստանում կեսգիշերից անվտանգության աննախադեպ միջոցներ են ձեռնարկվել, երկրում և հատկապես Մոսկվայում հատուկ հսկողության տակ են առնվել կառավարական կառույցներն ու ճանապարհները, հետաձգվել ու չեղարկվել են բոլոր հանրային միջոցառումները, փողոցներում զրահամեքենաների ինտենսիվ տեղաշարժ է, որոշ մարզերում հաղորդվում է փոխհրաձգության մասին:

Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար, Պուտինի երբեմնի խոհարար Եվգենի Պրիգոժինի դեմ` ռազմական հեղաշրջման կոչ հնչեցնելու համար: Իսկ Պրիգոժինը մեղադրում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանն իր ուժերին թիրախավորելու համար:

Կարդացեք նաև

«Մենք 25 հազար ենք և գնում ենք պարզելու` ինչո՞ւ է երկրում ամենաթողություն տիրում: Ով ուզում է` թող միանա մեզ, պետք է պատժել նրանց, որ կործանել են հազարավոր ռուս զինվորների կյանքեր»,- հայտարարել էր վարձկանների առաջնորդը` սպառնալով «վերացնել նրանց, որ դիմադրություն ցույց կտան»:

Այսօր ժամեր առաջ Պուտինը հատուկ ուղերձով դիմեց ժողովրդին, ձեռնարկված քայլերն անվանելով խռովություն, դավաճանություն, հարված թիկունքին՝ իրավիճակը համեմատելով 1917 թվականի հոկտեմբերի հետ։ «Մենք բախվել ենք դավաճանության հետ, չափազանցված հավակնությունները հանգեցրեցին դավաճանություն Ռուսաստանին»,- ասաց Պուտինը՝ խոստանալով անխուսափելի պատիժ։ «Ցանկացած ներքին ցնցում մահացու սպառնալիք է մեր պետականության համար, մեր գործողությունները կոշտ են լինելու»,- խոստացավ նա։

Ի պատասխան՝ Պրիգոժինը հայտարարել է, որ իրենք ոչ թե դավաճաններ են, այլ հայրենասերներ։ Առավոտյան Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Բելառուսի ու Ղազախստանի ղեկավարների հետ։

Կախա Գոգոլաշվիլին ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ոչ Պուտինը, ոչ Պրիգոժինն իրենց անդրադարձներում ուղիղ միմյանց չեն թիրախավորում, ինչը կարևոր հանգամանք է՝ հասկանալու համար տեղի ունեցողը։  

Այսինքն, վրացի վերլուծաբանի կարծիքով, կարևոր է լավ հասկանալ, թե ով ում դեմ է, ինչն այս պահին բարդ է։ Ըստ նրա, սակայն, այն, ինչ կատարվում է, չափազանց լուրջ է, սպասելի, հաշվի առնելով, թե տասնամյակներ շարունակ ինչպիսի քաղաքական ու կոռուպցիոն համակարգ էր ստեղծել Պուտինը, և դա ինչ տրամադրություններ էր գեներացրել երկրում և դրանից դուրս։

«Այնուամենայնիվ պատկերացնելը, որ նման պատերազմի ընթացքում ռազմական հեղաշրջման փորձ կամ դրան նմանվող գործողություն կիրականացնի մեկը, ում ձևավորել է, կարելի է ասել, Պուտինը, որպես արդյունավետ զենք Ուկրաինայի դեմ, դժվար էր։ ՌԴ իշխանությունները կանոնավոր բանակին զուգահեռ՝ ստեղծեցին Պրիգոժինի փոքր բանակը և նրա արձանագրած հաջողությունները ցուցադրեցին, լայնածավալ PR արշավ իրականացրին նրա համար։ Ապա մեծ հակամարտություն սկսվեց վագներականների ու ՌԴ ՊՆ-ի միջև, փոխադարձ մեղադրանքներ, որ ՊՆ-ն զենք չի մատակարարում վագներականներին և անում է ճակատագրական սխալներ մարտի դաշտում։ Իր վերջին հարցազրույցում շաբաթներ առաջ Պրիգոժինը շատ հարցերի մանրամասն անդրադառնում է, փորձում բացատրել, թե ինչ լրջագույն սխալներ են թույլ տալիս զինվորականները և ինչպիսի կորուստներ ունեն մարտի դաշտում։ Ստացվեց այնպես, որ ՌԴ ԶՈՒ սխալները, թուլությունը, ՌԴ-ում ստեղծված իրավիճակը, այն քաղաքական թևերը, որոնք սատարում են Պրիգոժինին, նրան տվեցին այդ վստահությունը՝ դուրս գալու ՌԴ ՊՆ-ի և հատկապես Շոյգուի ու Գերասիմովի դեմ, և, փաստորեն, այս փուլում Պուտինի վերահսկողությունից դուրս է եկել այս ֆիգուրը, ում գործողություններին այսօր հետևում է ողջ աշխարհը։ Սա ևս Պուտինի անհեռանկար քաղաքականության և գերվստահության հետևանքն էր»,- ասաց վերլուծաբանը։

Նա այն կարծիքին է, որ բարդ է այս պահին կանխատեսումներ անել, և այդ տեսանկյունից առաջիկա ժամերը կարևոր են լինելու։

«Արդյո՞ք Պրիգոժինի ուժերը կշարժվեն դեպի Մոսկվա, ՌԴ իշխանությունն այս ամենը զսպելու ի՞նչ գործիքներ կկիրառի, ի՞նչ որոշումներ կկայացնի, և այս ամենը ինչպե՞ս կթուլացնի Կրեմլին ու Պուտինին, բնականաբար, դա արդեն տեղի է ունենում, ներկլանային ինչպիսի՞ հակամարտություններ գլուխ կբարձրացնեն։ Բնականաբար, սա ՌԴ իշխանության համար վտանգավոր իրավիճակ է, զարգացումները կարող են իսկապես ճակատագրական լինել Կրեմլի համար, եթե զարգացումներն այս սրությամբ շարունակվեն։ Այնուամենայնիվ, ինչպես էլ որ ավարտվի հեղաշրջման փորձի այս դրվագը, միանշանակ է, որ ՌԴ-ում լուրջ փոփոխություններ են սպասվում»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս