Թուրք դիվանագետները Փաշինյանի թուրքամետ քայլերը ակտիվ օգտագործում են ԱՄՆ-ում հայկական լոբբիի դեմ․ համացանցում նամակ է տարածվել

Չնայած վերջին տասնօրյակի ընթացքում Արցախի այլևս տոտալ շրջափակմանը և արցախահայության նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների նորանոր հրապարակային սպառնալիքներին, վերջնագրերին ու թշնամական քայլերին, թուրքական դիվանագիտությունը միջազգային համապատասխան հարթակներում արդյունավետորեն օգտագործում է ՀՀ իշխանությունների պրոթուրքական քաղաքականությունը՝ փորձելով դրանից դիվիդենտներ քաղել Թուրքիայի համար` չեզոքացնելով Սփյուռքի ու Միացյալ Նահանգներում հայկական լոբբիի աշխատանքները։

Համացանցում մասնավորապես տարածվել է Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Սինան Քուզումի նամակը Կալիֆորնիայի Սենատի անդամ Մարիա Ելենա Դուրազոյին, որում թուրք դիվանագետը հիշատակելով հունիսի 3-ին Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության հանդիսավոր արարողությանը, Դուրազոյին գոհունակությամբ պատմում է հայ-թուրքական հարաբերություններում իբրև թե առաջընթացի, պատմական հանգրվանի մասին։

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Անկարա կատարած այցի կապակցությամբ նախագահ Էրդողանը միավորվեց հայ-թուրքական համայնքի կարկառուն ներկայացուցիչների հետ, այդ թվում` Ստամբուլում ՀՀ պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ։ Ես սա Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում, քանի որ գիտակցում եմ, որ նման դրական զարգացումները հաճախ անտեսվում են։ Բացի այդ, Լոս Անջելեսում և Կալիֆորնիայում իմ երկրի մասին ատելության հռետորաբանությունը գերակշռում է։

Սա ասելով՝ ես հորդորում եմ Ձեզ դիտարկել, թե արդյոք այն, ինչ Ձեզ այստեղ Լոս Անջելեսում ասում են որոշ խմբեր, համապատասխանո՞ւմ է այն իրականության հետ, որն այսօր կա երկու երկրների միջև։ Թուրքական և հայկական կառավարությունները պատմական ջանք են գործադրում կարգավորելու հարաբերությունները: Աչք մի փակեք այս ջանքերի վրա։ Ես, այնուամենայնիվ, Ձեզ խնդրում եմ հաշվի առնել այս փաստերը ապագայում` որևէ հայտարարություն անելիս կամ թուրք-հայկական հարցերի վերաբերյալ որևէ որոշում կայացնելիս։ Այս մոտեցումն ավելի կնպաստի հայ և թուրք մարդկանց միջև խաղաղությանը»,-ասված է թուրք դիվանագետի նամակում, որին կցված է Թուրքիայի նախագահական նստավայրում տեղի ունեցած երդմնակալության արարողության շրջանակում Փաշինյանի լուսանկարը` Էրդողանի, պատրիարք Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի, խորհրդարանական Սևան Սըվաճըօղլուի և Ղարագյոզյան հիմնադրամի ղեկավար Դիգրան Գյուզմելգիլի հետ։

Կարդացեք նաև

Իր թվիթերյան միկրոբլոգի էջում, տեղադրելով այս նամակը, ամերիկահայ լրագրող Էլիսոն Թահմիզյանը գրել է․ «Արցախը գտնվում է լիակատար շրջափակման մեջ, ադրբեջանցիները թույլ չեն տալիս դեղորայք կամ կաթ հասցնել երեխաներին, սակայն Երևանի թուրքամետ վարչակարգի շնորհիվ, որը պնդում է, թե ամեն ինչ լավ է, թուրք պաշտոնյաները դա կարող են ասել նրանց, ովքեր փորձում են պաշտպանել հայկական շահերը: Հայաստանը ներսից սաբոտաժի է ենթարկվում»։

Ի դեպ, ուշագրավն այն է, որ թուրք դիվանագետի վերոնշյալ նամակը կառուցված է հենց ՀՀ իշխանությունների՝ Թուրքիային ընդառաջ արվող քայլերի և ոչ հենց թուրքական կողմի քայլերի վրա, քանի որ Թուրքիայի իշխանությունները Հայաստանին ընդառաջ որևէ քայլ չեն կատարել։ Ավելին, երդմնակալության արարողությունից առաջ Նեմեսիսի արձանի շուրջ թուրքական խիստ դժգոհությունն ու այն ապամոնտաժելու հրահանգով արտահայտվեց, այդ թվում` անձամբ Նիկոլ Փաշինյանի դեմ քայլերով։

Թուրքիայի արդեն նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, որն արձանի բացումը անվանել էր «սադրանք»` հորդորելով այն հանել, հպարտորեն հայտարարել էր, որ բացի այն, որ թուրքական կողմն առանց նախնական ծանուցման չեղյալ է համարել Flyone Armenia-ին նախկինում տրված թույլտվությունը՝ Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնելու համար, Թուրքիան Հայաստանի VIP-անձանց օդանավերի համար փակել է երրորդ երկրներ թռիչքների հնարավորությունը, այդ թվում` Նիկոլ Փաշինյանին սպասարկող թիվ մեկ ինքնաթիռի համար: Չավուշօղլուն, որը Էրդողանի հետ միաժամանակ առիթը բաց չէր թողնում կրկնելու 44-օրյա պատերազմում իրենց մասնակցության և Ալիևին օգնելու`հաղթելու հարցում, հայտարարել էր, որ Թուրքիան թույլ չի տա օդանավերի և մասնավոր ինքնաթիռների անցումն իր տարածքով, «քանի դեռ սադրանքներ կան Հայաստանի կողմից Թուրքիայի և Ադրբեջանի դեմ»։ Իհարկե, այդ հայտարարություններից հետո Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Էրդողանի երդմնակալության արարողությանը, գրկախառնվելով, կատակներ անելով նրանց հետ` այնպես, ասես ոչինչ էլ չի ելել:

Տեսանյութեր

Լրահոս