ԵՄ-ն լրջորեն մտահոգված է Լաչինի միջանցքի գրեթե ամբողջական շրջափակմամբ
ԵՄ-ն լրջորեն մտահոգված է Լաչինի միջանցքի գրեթե ամբողջական շրջափակմամբ և համարում է, որ այն ուղղակիորեն սպառնում է տեղի բնակչության կենսապահովմանն ու լուրջ մտավախություններ է առաջացնում հնարավոր հումանիտար ճգնաժամի վերաբերյալ:
Այս մասին ասվում է ԵՄ արտաքին հարաբերությունների մամուլի խոսնակ Նաբիլա Մասրալիի տարածած հաղորդագրությունում:
ԵՄ-ն ուշադրությամբ հետևում է վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի միջև աճող լարվածությանը, երկու երկրների միջազգային սահմանի երկայնքով ամեն օր արձանագրվում են կրակոցներ՝ ի լրումն ղարաբաղյան շփման գծում նմանատիպ միջադեպերի:
«Հունիսի 15-ից սկսած Լաչինի միջանցքի գրեթե լիակատար արգելափակումը խիստ մտահոգիչ է։ Դա ուղղակիորեն սպառնում է տեղի բնակչության կենսապահովմանն ու լուրջ մտավախություններ է առաջացնում հնարավոր հումանիտար ճգնաժամի վերաբերյալ:
Վերջին բարձր մակարդակի հանդիպումների շարքից հետո ԵՄ-ն շարունակում է ներգրավված լինել ամենաբարձր քաղաքական մակարդակում՝ օգնելու թուլացնել այդ լարվածությունը և գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ»,- նշված է փաստաթղթում:
Ադրբեջանական կողմը երեկ՝ հունիսի 22-ին դիմել է հերթական սադրանքին ու հանցավոր գործողությանը՝ բետոնե արգելապատնեշով փակելով Արցախ-Հայաստան միակ ճանապարհը (Լաչինի միջանցքը):
«Փաստորեն, ի լրումն ապօրինի անցակետի և զրահամեքենաների միջոցով ճանապարհի արգելափակման՝ Ադրբեջանն այժմ ցուցադրական կերպով փակում է ճանապարհը՝ բացառելով ցանկացած տեղաշարժ, այդ թվում՝ Կարմիր խաչի և խաղաղապահների կողմից:
Այս դեպքը հերթական անգամ ցուցադրում է ադրբեջանական իշխանությունների հանցավոր նպատակները՝ Արցախի ժողովրդին ամբողջապես մեկուսացնել արտաքին աշխարհից և կիրառել բռնաճնշումների բոլոր մեթոդները»,- ասված է Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրությունում: