Իրանը հույս ունի ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու համաձայնագիրն ստորագրել առաջիկա ամիսներին
Իրանը հույս ունի, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը կստորագրվի առաջիկա մեկ-երկու ամսում։ Այդ մասին այսօր ТАСС-ին հայտնել է Ռուսաստանի Դաշնությունում Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին՝ Ալթայի երկրորդ միջազգային համաժողովի շրջանակներում։
«Մենք հանդես ենք գալիս այդ համաձայնագրի ստորագրման օգտին: Մեծ հույսեր ունենք, որ առաջիկա մեկ-երկու ամսում այդ համաձայնագիրը կստորագրվի: Ես հանդիպեցի (ՌԴ) փոխվարչապետ (Ալեքսեյ) Օվերչուկի հետ, մենք ջանքեր ենք գործադրում, որպեսզի այդ համաձայնագիրն ստորագրվի հնարավորինս շուտ», – ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Ընդ որում, դեսպանը նշել է, որ համաձայնագիրը պետք է վավերացվի ԵԱՏՄ-ի անդամ հինգ երկրների խորհրդարաններում, ինչպես նաև Իրանի խորհրդարանում։
Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Թեհրանի և ԵԱՏՄ-ի միջև Ազատ առևտրի գոտու համաձայնագիրը կարող է ձեռք բերվել ավելի շուտ, քան այլ երկրների հետ: