Բլինքենը և Գուտերեշը քննարկել են «Սևծովյան հացահատիկի նախաձեռնությունը» չերկարաձգելու ՌԴ-ի նախազգուշացումները
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը քննարկել են «Սևծովյան հացահատիկի նախաձեռնության» երկարաձգման շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտարարություն է տարածել Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
«Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Ռուսաստանի հայտարարություններն այն մասին, որ երկիրը մտադիր չէ երկարաձգել Սևծովյան հացահատիկի նախաձեռնությունը հուլիսի 17-ի վերջնաժամկետից հետո: Պետքարտուղար Բլինքենը և գլխավոր քարտուղար Գուտերեշը համաձայնել են, որ նախաձեռնությունը կարևոր է համաշխարհային պարենային անվտանգության համար, և որ դրա կասեցումը բացասաբար կանդրադառնա սննդամթերք ներկրողների վրա, հատկապես զարգացող երկրներում», – ասված է հաղորդագրությունում։
«Սևծովյան հացահատիկի նախաձեռնությունը» ստորագրվել է 2022 թ. հուլիսի 22-ին Ստամբուլում և վերաբերում է միջազգային շուկաներ սննդամթերքի և պարարտանյութերի մատակարարմանը: Գործարքը մի քանի անգամ երկարաձգվել է, վերջին անգամ՝ մայիսի 18-ին, երկու ամիս ժամկետով:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անցյալ շաբաթ նախազգուշացրել է, որ գործարքը չի երկարաձգվի, եթե համաձայնագրերի ռուսական փաթեթը չգործի։ Լավրովի խոսքով՝ մինչ այժմ գործարքն իրականացվել է միայն ուկրաինական սննդամթերքի արտահանման մասով։