Պետք չէ կենտրոնանալ այդ իրադարձություններում մեղավորներ փնտրելու վրա՝ ամեն դեպքում դա թողնելով պատմաբաններին․ Զախարովան՝ Փաշինյանի հայտարարությունների մասին
«Նշված նիստը Հայաստանում ներքաղաքական գործընթացների շարունակությունն է։ Վստահ չեմ, որ պետք է մեկնաբանենք ՀՀ ներքին քննարկումները, ինչպես նաև ամենաբարձր մակարդակով բանակցությունների կոնֆիդենցիալ դետալները, որն իմ իրավասությունը չէ»,-այս մասին այսօր ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստում, թե հոկտեմբերի 19-ին չհաջողվեց կանգնեցնել պատերազմն այն պատճառով, որ Ռուսաստանը չկարողացավ համոզել Ադրբեջանին։
Զախարովան ասաց, որ բոլորի ուշադրությունը կհրավիրի այն բանի վրա, որ որքան էլ ներքաղաքական բանավեճերը թեժ լինեն, կա իրականություն, քանի որ այն կցված է փաստերով։ Ըստ նրա, հենց Ռուսաստանն է կարողացել ԼՂ-ում 2020 թվականի աշնանը հասնել հրադադարի հաստատմանը՝ տարածաշրջանում խաղաղություն վերահաստատելով։
«Դա ամրագրված է թղթի վրա, դա ամրագրված է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունում։ Ինչպե՞ս կարելի է այլ կերպ կարծել։ Չէ՞ որ այդ մշակումներն արվել են երեք կողմերի կողմից, կամ ինչ-որ մեկը ցանկանում է իր ստորագրությունը ետ կանչե՞լ այն համաձայնություններից, որոնք կայացվել էին այն ժամանակ։ Չեմ կարծում»,- հավելեց Զախարովան։Նրա կարծիքով, պետք չէ կենտրոնանալ այդ իրադարձություններում մեղավորներ փնտրելու վրա՝ ամեն դեպքում դա թողնելով պատմաբաններին։
«Պետք է կենտրոնանալ 2020-2022 թթ․ համաձայնեցված եռակողմ համաձայնությունների համալիրի իրականացման վրա»,- ընդգծեց Մարիա Զախարովան։