ՄԻՊ գրասենյակից հաստատում են՝ հունիսի 14-ին «Գորիս» ՔԿՀ-ում ազատությունից զրկված անձանց խոշտանգել են

Երեկ Քրեակատարողական ծառայությունը ծիծաղելի ձևակերպումներով պահանջել էր հերքել 168.am-ի հրապարակումն այն մասին, որ ՔԿԾ պետի տեղակալ Արտակ Առուստամյանի գլխավորած հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցներից կազմված խումբը «Գորիս» ՔԿՀ-ն ենթարկել է տեռորի, ծեծել ու խոշտանգել էին ազատազրկված անձանց:

«Հերքեցինք»՝ հընթացս դեպքի մասին նոր մանրամասներ հայտնելով:

Այն, որ դեպքն իրականում եղել էր, ու շատ ավելի աղետալի հետևանքներով, քան մենք գրել էինք, որևէ կասկած չէր հարուցում, թեպետ ՔԿԾ համապատասխան պատասխանատուները փորձել էին մանիպուլյատիվ ձևակերպումներով վտանգն իրենցից հեռացնել:

Մասնավորապես, տեղեկություն ունեինք, որ խոշտանգման փաստն արձանագրել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակի աշխատակիցները:

Կարդացեք նաև

168.am-ի հետ զրույցում ՄԻՊ-ից մեր տեղեկությունը չհերքեցին՝ նախ ասելով, որ 2023 թվականի հունիսի 15-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկ:

«Փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ 2023 թվականի ընթացքում նշված քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձանց վերաբերյալ կազմվել են խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական զննության արձանագրություններ։

Ընդ որում, արձանագրված դեպքերից 3-ը տեղի են ունեցել այցի նախորդ 24 ժամվա ընթացքում: Արձանագրված դեպքերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանը համապատասխան գրություններ է ուղարկել Գլխավոր դատախազություն, Առողջապահության և Արդարադատության նախարարություններ»,- ասվում էր ՄԻՊ պատասխանում:

ՄԻՊ մամլո խոսնակ Արթուր Ասլանյանն ասաց նաև, որ ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկ իրականացված այցի ընթացքում պարզվել է նաև, որ դատապարտյալներից մեկն անգիտակից վիճակում 2023 թվականի հունիսի 12-ին տեղափոխվել է «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ, այնուհետև՝ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել նաև «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն և առանձնազրույց ունեցել դատապարտյալի հետ և տեղում ծանոթացել նրա առողջական վիճակին։

«Տեղեկատվությունն ամբողջացնելուց հետո Պաշտպան Անահիտ Մանասյանը հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ»,- ասացին ՄԻՊ-ից։

Տեսանյութեր

Լրահոս