Ի՞նչն է հերքում ՔԿԾ-ն… Չե՞ն ծեծել, թե՞ ուրիշ օր են ծեծել ու ուրիշ մարդկանց
Երեկ 168.am-ը «ՔԿԾ պետի տեղակա՞լ, թե՞ «քիլլերների» խմբի ղեկավար. ի՞նչ է կատարվել «Գորիս» ՔԿՀ-ում վերտառությամբ հրապարակում էր կատարել, որում նշել էինք, որ Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) պետի տեղակալ Արտակ Առուստամյանը հատուկ նշանակության ջոկատի ծառայողների հետ միասին մեկնել է «Գորիս» ՔԿՀ և տեռորի ենթարկել ողջ հիմնարկը:
Մեր հրապարակման համար հիմք էր ծառայել «Առավոտի» տեղեկությունն առ այն, որ««Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ-ը ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչությանը գրությամբ տեղեկացրել է, որ հունիսի 13-ին Արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ 42-ամյա Գ․ Խ.-ն անգիտակից վիճակում ենթարկվել է բուժզննության։
Կալանավորված անձի մոտ հայտնաբերվել են բազմաթիվ քերծվածքներ, արյունազեղումներ և վերքեր»:
Գրել էինք, որ տիրապետում ենք մանրամասների, ու ներկայացրել դրանք:
Այսօր այս «պարզաբանում-հերքման պահանջն» է ներկայացրել ՔԿԾ-ն.
«2023թ. հունիսի 19-ին 168.am կայքը «ՔԿԾպետիտեղակալ, թե «քիլլերների» խմբի ղեկավար. ինչ է կատարվել «Գորիս» ՔԿՀ-ում» վերտառությամբ ակնհայտ խեղաթյուրված և իրականությանը չհամապատասխանող նյութ է հրապարակել այն մասին, որ 2023թ. հունիսի 13-ին անգիտակից վիճակում հիվանդանոց տեղափոխված, ՀՀԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Գ. Խ-ն ծեծի է ենթարկվել ոչ թե ազատազրկված անձանց, այլ Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ Արտակ Առուստամյանի գլխավորությամբ նույն ՔԿՀ այցելած երեք տասնյակի հասնող ՔԿԾ ծառայողների կողմից՝ ողջամիտ կասկած հայտնելով, որ այդ ամենը կատարվել է ՔԿԾ պետ Սերգեյ Ատոմյանի ցուցումով:
Նախ պաշտոնապես հայտարարում ենք, որ ինչպես ՔԿԾ պետի տեղակալ Արտակ Առուստամյանը, այնպես էլ որևէ այլ ՔԿԾ ծառայող 2023թ. հունիսի 13-ին ՀՀԱՆ «Գորիս» ՔԿՀ չեն այցելել:
Ավելին՝ ՀՀ ԱՆ ՔԿԾ օպերատիվ ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ կալանավորված անձ Գ.Խ.-ին մարմնական վնասվածքներ պատճառել է նրա խցակից մեկ այլ ազատազրկված անձ, ինչի մասին տեղեկություններն իրացնելով՝ կատարվել են բացատրական աշխատանքներ, որոնց արդյունքում հիշյալ անձը դիմում-մեղայական է ներկայացրել նույն քրեակատարողական հիմնարկի պետին Գ.Խ-ին ծեծի ենթարկելու վերաբերյալ:
Հիշյալ դիմում-մեղայականն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հաշվի առնելով, որ 168.am կայքում հրապարակված հիշյալ վերտառությամբ հոդվածն ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը, պահանջում ենք «Զանգվածային լրատվության մասին» ՀՀօրենքի 8-րդ հոդվածի կարգով տարածել հերքում»,-ասվում է ՔԿԾ «պարզաբանում-հերքման պահանջում»:
Քրեակատարողական ծառայությունում կամ լավ չեն կարդացել, կամ լավ չեն ըմբռնել 168.am-ի հրապարակումը:
ՔԿԾ-ում այս տեքստը գրողներին հատուկ ուզում ենք հորդորել՝ ուշադիր եղեք:
168.am-ը ծեծված կալանավոր Գ.Խ.-ի մասին ինֆորմացիան վերահրապարակել է aravot.am-ից, և 168.am-ը որևէ տողում չի գրել, որ ՔԿԾ պետ Արտակ Առուստամյանը և հատուկ ջոկատայինների խումբը հունիսի 13-ին են մեկնել «Գորիս» ՔԿՀ: Ավելին, ինչպես արդեն նշեցինք, հրապարակման ինֆորմացիոն առիթը հենց «Առավոտի» նյութն էր: Նյութի հղումը կա նաև երեկվա հոդվածի մեջ:
Հրապարակման մեջ գրված յուրաքանչյուր նախադասություն համապատասխանում է իրականությանը. թյուրըմբռնումը թերևս տեղի է ունեցել միայն 42-ամյա ծեծված կալանավոր Գ.Խ.-ի առնչությամբ:
Իսկ հիմա՝ կոնկրետ և մանրամասն, նաև այս տեքստը գրողների ու նրանց հրահանգ տվողների ու տեքստը ստուգողների համար:
ՔԿԾ պետի տեղակալ Արտակ Առուստամյանը հատուկ նշանակության ջոկատի ծառայողների հետ միասին «Գորիս» ՔԿՀ է մեկնել ոչ թե հունիսի 13-ին, այլ հունիսի 14-ին, և պնդում ենք՝ հիմնարկը ենթարկել են տեռորի, ծեծել ազատազրկված անձանց, ինչի հետևանքով խոշտանգումն արձանագրվել է:
Ի դեպ, հատուկ ՔԿԾ ղեկավարության համար նշենք, որ 168.am-ի տեղեկություններով՝ խոշտանգման դեպքն արձանագրել են նաև ՄԻՊ աշխատակիցները, ինչի վրա հրավիրում ենք ՀՀ Քննչական կոմիտեի ուշադրությունը:
Կալանավորված անձ Գ.Խ.-ն հունիսի 13-ից գտնվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, քանի որ հունիսի 12-ի գիշերը «Գորիս» ԲԿ-ից տեղափոխվել է Երևան, և հենց իրենց նշած Գ.Խ.-ի խցում տեղի ունեցած ծեծկռտուքի հանգամանքները պարզելու համար են Արտակ Առուստամյանն ու հատուկջոկատայինների խումբը մեկնել «Գորիս» ՔԿՀ՝ դաստիարակչական աշխատանքներ իրականացնելու ազատազրկված անձանց շրջանում՝ ծեծի ու հիմնարկը վարուցան անելու տեսքով:
Հիմա ի՞նչն են հերքում ՔԿԾ-ից…Որ Գ.Խ.-ին իրե՞նք չեն խոշտանգել…Իսկ այդ դեպքում մինչև վերջ անկեղծ լինելու համար ինչո՞ւ չեն ասում, որ այլ մարդկանց են խոշտանգել:
Հերքում ենք՝ Արտակ Առուստամյանի գլխավորությամբ «Գորիս» ՔԿՀ մեկնած խումբը Գ.Խ.-ին չի խոշտանգել, այլ խոշտանգել, ծեծել են ուրիշ անձանց, թվով՝ 5-6 հոգու:
Այսինքն՝ այդքան արձանագրումներ կատարված են, իսկ թե որքանն են անցել ՔԿԾ «ռեմբոների» իրականացրած ցունամիի տակով, կարելի է պատկերացնել:
Մնացածը՝ ինչպես գրված է հրապարակման մեջ: