
«Այսօր Երևանի Մանկական զբոսայգում տեղադրվեց մի քանդակ, որն իսկապես գլուխգործոց է». Հովիկ Չարխչյան

Գրականագետ, արձակագիր Հովիկ Չարխչյանը ֆեյսբուքյաի իր էջում գրել է․ «Այսօր Երևանի Մանկական զբոսայգում տեղադրվեց մի քանդակ, որն իսկապես գլուխգործոց է: Խոսքը Ղուկաս Չուբարյանի աշխատանքի մասին է: Գոնե ինձ համար անհասկանալի պատճառներով քանդակը կոչել են «Սուրբ եղիցի անուն քո», մինչդեռ հեղինակը այն անվանել է «Լույս իջնի վրադ»: Ես չգիտեմ՝ ո՞րն է այդ խմբագրման պատճառը, բայց անվան փոփոխությունը համարում եմ կոպիտ միջամտություն:
Ամեն դեպքում, 1985 թվականին ստեղծված քանդակն ունի նախապատմություն և, կարծում եմ, երևանցիների համար հետաքրքիր կլինի դա իմանալ: Բանն այն է, որ Չուբարյանն այս աշխատանքը մտահղացել է որպես հուշարձան՝ Լենինգրադի մերձակա եղբայրական գերեզմանոցում տեղադրելու համար, ուր հենց պատերազմի սկզբում զոհվել էր քանդակագործի եղբայրը: Եղբոր հիշատակը հավերժացնելու միտքը տասնամյակներ շարունակ զբաղեցրել է քանդակագործին, և այդ ընթացքում նա բազմաթիվ էսքիզներ ու տարբերակներ է մշակել: Ի վերջո, 1980-ականների սկզբներին հայտնի է դառնում, որ Լենինգրադում որոնողական խմբերի կողմից գտնվել է եղբոր՝ Լուսեղեն Չունբարյանի զինվորական անվանանիշը: Ղուկաս Չուբարյանը մեկնում է այնտեղ և որոշում է, որ քանդակը պիտի տեղադրվի հենց այդ վայրում:
Ցավոք, նրա ցանկությունն այդպես էլ չիրագործվեց: Փոխարենը ստեղծագործության տարբերակներից մեկը գնեց Տրետյակովյան պատկերասրահը»: