Վստահ եմ՝ իրեն դատական համակարգի սեփականատեր համարող անձը չի հասցնի 2013թ. սցենարով կոռուպցիայի մասին սենսացիոն հայտարարութուն անելով փախչել. Սուրեն Անտոնյան

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ստեղծման օրվանից երբևէ ԲԴԽ-ն չի ծառայել իր սահմանադրական առաքելության` դատավորների անկախության «չարաբաստիկ» սկզբունքի ապահովմանը: Իսկ ինչու՞ չարաբաստիկ, որովհետև սովորական պայմաններում դատարանները հետևում են օրինականության սկզբունքին:

ԲԴԽ-ի բոլոր նախագահներն էլ փորձել են լծակներ ձեռք բերել դատավորներին ճնշելու, ցանկալի դատական ակտեր ստանալու համար: Այդ նպատակով ուսումնասիրության անվան տակ ստուգումներ են իրականացրել տարբեր թեմաներով ու պատրվակներով, խոսել են քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանությունից ու օրինականությունից:

Սակայն երբեք որևէ մեկի մտքով չէր անցել, որ դատարանների և դատավորների նկատմամբ տոտալ վերահսկողություն իրականացնելու նպատակը կդառնա մոլուցք և արդարատության նախարար ու ԲԴԽ նախագահ կնշանակվեն արդարադատության բնագավառում համատեղ տնտեսական շահ ունեցող գործընկերներ, որոնք իրենց ճաշակով ու միայն իրենց հայտնի «տրամաբանությամբ» կիրականացնեն դատական համակարգի դիզայնը:

Սակայն երկարամյա աշխատանքի փորձս հուշում է, որ արդարադատության նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից Հայաստանի Հանրապետության դեմ ՄԻԵԴ-ի վճիռների ուսումնասիրությունը որոնց հիման կարգապահական վարույթներ են հարուցվում, կարծես թե զերծ չէ կոռուպցիոն դրսևորումներից:

ՄԻԵԴ-ի վճիռների հիման վրա հարուցված կարգապահական վարույթների տրամաբանությունը հուշում է, որ առաջիկայում ականատես ենք լինելու քրեական վարույթների` արդարադատության նախարարության այն պաշտոնատար անձանց մասով, որոնք զեկուցագրեր են ներկայացրել բացառապես այն վճիռներով և այն հերթականությամբ, որ այդ գործերով մասնակցած դատավորների կազմում հանկարծ չլինեն այն դատավորները, որոնք կոնսեսուսային տրամաբանության մեջ են ԲԴԽ-ի ևտվյալ դատարանի նախագահի հետ:

Այս պահին քրեական արդարադատության ոլորտում առկա ՄԻԵԴ-ի վճիռներով դեռևս հայտարարված վարույթներ չկան և պարզ չէ ուսումնասիրություններ չեն իրականացվել, թե ԲԴԽ նախագահը համապատասխան պատվեր չի իջեցրել նախարարությանը, քանի որ խայտառակ պատկեր կստացվի և շատ դատավորներ ստիպված կլինել ձեռնպահ մնալ խայտառակ կոնսեսուսից: Ի դեպ այս սցենարի դեպքում կասկածի տակ է հայտնվելու նաև վճռաբեկ դատարանի քրեական պալատի գործող կազմի գոյությունը:

Բացելով «պանդորայի» սև արկղը արդարադատության փաստացի նախարար /իրական շահառու/ և ԲԴԽ սեփականատեր Կարեն Անդրեասյանը պետք հասկանա, որ Հայաստանի դեմ կայացված ՄԻԵԴ-ի վճիռների ցանկը բաց տեղեկատվություն է և հաղորդումներ ներկացվելու են նաև հնազանդ ու իրեն հավատարմության երդու տված դատավորներ մասով, որոնց տեր կանգնելու դեպքում արդեն ինքն ու իր բիզնես գործընկերը պետք է պատրաստ լինեն որոշակի դատավարական կարգավիճակների….

Այդուհանդերձ հավատում եմ, որ իրենց առաքելությանը նվիրված դատավորները կգերակշռեն և թույլ չեն տա համակարգում կոռուպցիոն բուրգ ստեղծել:

Վստահ եմ նաև, որ իրեն դատական համակարգի սեփականատեր համարող անձը չի հասցնի 2013թ. սցենարով կոռուպցիայի մասին սենսացիոն հայտարարութուն անելով փախչել…

Հ.Գ. 1. Մտածելու բան ունեն նաև ԲԴԽ անդամ և դատավոր և այսպես կոչված գիտնական անդամները` առնվազն իմանալ չհայտնելու մասով:

2. Ցուցմունք տվողների պակաս մեր երկրում երբեք չի զգացվել:

3. Գիտնականները քրեական պատասխանատվությունից չեն ազատվում` այդ թվում միջազգային իրավունքի մասնագետները և կասկածելի բուհի դիպլոմ ստացածները»:

Տեսանյութեր

Լրահոս