
Դանակահարություն Ֆուչիկի փողոցում. պարեկները հայտնաբերել են կասկածյալին

Հունիսի 14-ին, ժամը 02.00-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ֆուչիկի փողոցում դանակահարություն է եղել: Հինգ րոպե անց «Արմենիա» բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել. որովայնի և ձեռքի կտրած-ծակած վերքերով բուժօգնության էր դիմել 36-ամյա երիտասարդ: Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի բնակիչը հայտնել էր, որ Ֆուչիկի փողոցում անծանոթ անձը դանակահարել է իրեն:
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաջորդ ահազանգն է ստացվել. հայտնում էին, որ Մարգարյան փողոցում դանակը ձեռքին տղամարդը հարձակվում է քաղաքացիների վրա:
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները ժամը 02.15-ին Մարգարյան փողոցում հայտնաբերել, մարմնական վնասվածք պատճառելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Մաշտոցի բաժին են տարել 29-ամյա մի երիտասարդի:
Կատարվում է նախաքննություն։