Իրանի նախագահը հանդիպել է Նիկարագուայի ղեկավարի հետ
Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան հունիսի 13-ին ընդունել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին, որը պաշտոնական այցով գտնվում է Կենտրոնական Ամերիկայի երկրում։ Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։
Երկու ղեկավարները ելույթ են ունեցել Իրանի նախագահին դիմավորելու արարողության ժամանակ:
Ինչպես հաղորդում է El 19 Digital հարթակը, նախագահների հանդիպմանը ներկա են եղել Նիկարագուայի փոխնախագահ Ռոսարիո Մուրիլիոն, արտաքին գործերի նախարար Դենիս Մոնկադան և Ազգային ժողովի (միապալատ խորհրդարանի) նախագահ Գուստավո Պոռաս Կորտեսը։
Ռայիսին պաշտոնական այցով Մանագուա է ժամանել հունիսի 13-ի երեկոյան։ Իրանի պատվիրակության կազմում են, մասնավորապես, առողջապահության և բժշկական կրթության, նավթի, մշակույթի և իսլամական կողմնորոշման, էկոնոմիկայի և ֆինանսների նախարարները։
Ավելի վաղ Ռայիսին պաշտոնական երկօրյա այց էր կատարել Վենեսուելա, որտեղ հանդիպել էր հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ։ Բարձր մակարդակի միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներով երկրներն ստորագրել են համագործակցության մի քանի կարևոր համաձայնագրեր։ Նիկարագուայից հետո Ռայիսին կմեկնի Կուբա: