Իրանն Իսրայելի հետ կմրցի Ադրբեջանում իր ազդեցության գոտիներն ընդլայնելու համար․ իրանագետ
Ադրբեջանը հիմնականում ոչ թե նպատակ ունի ամբողջովին խզել հարաբերություններն Իրանի հետ, այլ պարզապես ցանկանում է Իրանին մղել Հյուս-Հարավ միջանցքի Ռաշտ-Աստարա հատվածը գործարկելուն, այն է՝ 162 կիլոմետրանոց երկաթգիծը կառուցելուն։
Բաքուն հասել է իր նպատակին, քանի որ Ռուսաստանն ու Իրանն արդեն իսկ պայմանավորվել են համատեղ միջոցներ ներդնել այդ հատվածը շահագործելու ուղղությամբ։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց իրանագետ Հարութ Արթին Առաքելյանը՝ խոսելով Թեհրանում ադրբեջանական դեսպանատան վերաբացման հեռանկարի մասին։
Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին ավելի վաղ հայտարարել էր, որ Թեհրանի և Բաքվի բանակցությունները հարաբերությունների լարվածության փուլից անցնում են Իրանի մայրաքաղաքում Ադրբեջանի դեսպանատան գործունեության վերսկսման քննարկման փուլ:
«Իրանը յուրատեսակ դիվանագիտություն է դրսևորում, չի շտապում՝ թույլ տալով, որ ժամանակն իր հերթին լուծի շատ հարցեր։ Այդուհանդերձ, Ադրբեջանի նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու և նրան իր կողմը բերելու նպատակով տարածաշրջանային լոգիստիկ հարցերում Բաքվին ընդառաջելն անշուշտ ներառվելու է Իրանի արտաքին քաղաքականության մեջ՝ որպես կարևոր ուղղություն։ Կողմերը կհասնեն նրան, որ ադրբեջանական դեսպանատան վերաբացումն անմիջականորեն շաղկապվի Հյուսիս-Հարավ միջանցքի գործարկման հետ հենց Ադրբեջանի տարածքով»,- ասաց Առաքելյանը։
Նրա կարծիքով՝ Թեհրանում ադրբեջանական դեսպանատան վերաբացման շուրջ քննարկումները միանգամայն սպասելի էին։ Ընդ որում՝ դա գլխավորապես Ադրբեջանի ցանկությունը չէ, քանի որ նրան հովանավորող երկրների, հատկապես Իսրայելի նպատակը հակաիրանական տրամադրությունների տարածումն է։ Այդ պատճառով էլ Իրանը շարունակում է զորավարժությունները, որոնք ըստ էության կանխարգելիչ բնույթ են կրում։
Այդուհանդերձ, երկու երկրների միջև հատկապես մեդիա ոլորտում դեռ կլինեն որոշ քաշքշուկներ, քանի որ Ադրբեջանի վրա տակավին մեծ ազդեցություն ունեն Իրանի հակառակորդ երկրները՝ Իսրայելն ու Մեծ Բրիտանիան, որոնք փորձելու են իրանական կողմի նկրտումները սահմանափակել Հարավային Կովկասում, բայց եթե Իրանն իր հարաբերությունները կարգավորի Ադրբեջանի հետ, դրանով իսկ կամրապնդի սեփական դիրքերը մեր տարածաշրջանում»,- ասաց իրանագետը։
Առաքելյանի դիտարկմամբ՝ այդուհանդերձ Իրանին չի հաջողվի ամբողջությամբ իր կողմը բերել ու լիարժեք վերահսկողության ներքո պահել Ադրբեջանին, հետևաբար կձգտի նրան վերաբերվել որպես գործընկերոջ ՝ կանխարգելելով ազդեցությունը հատկապես Իսրայելի կողմից, որն Իրանի բոլոր հարևանների հետ փորձում է բարիդրացիական հարաբերություններ հաստատել ու խոչընդոտներ առաջացնել Իրանի համար մեր տարածաշրջանում։
«Այնպես չէ, որ Իրանը լուռ նայում է այդ ամենին, վերջին շրջանում Թեհրանը ցուցադրեց իր զենիթահրթիռային զինանոցը, բալիստիկ հրթիռները, որոնք կարող են 1400 կիլոմետր հեռավորությամբ թիրախներ խոցել։ Իրանը զուգահեռաբար իր դիրքերն է ամրացնում Լիբանանում, Սիրիայում և Իրաքում՝ հասկացնելով, որ կարող է հաջողությամբ հակազդել Իսրայելին և նրա հետ մրցակցել նաև Ադրբեջանում իր ազդեցության գոտիներն ընդլայնելու համար։ Իրանի և Ադրբեջանի կառավարությունները համագործակցելով՝ կկարողանան հակաիրանական տարրերին Ադրբեջանում լռեցնել»,- ասաց մեր զրուցակիցը։
Իրանագետի կարծիքով՝ եթե Ադրբեջան-Իրան հարաբերությունները կարգավորվեն, ապա Հայաստանը նույնպես լծակ կունենա Ադրբեջանի ոտնձգությունները զսպելու առումով՝ հընթացս ավելի սերտ հարաբերություններ հաստատելով Իրանի հետ, հետևաբար տարածաշրջանային կայունությունն, անշուշտ, բխում է նաև Հայաստանի կենսական շահերից։