Շուշիի հռչակագիր, «Զանգեզուրի միջանցք», արտաքին քաղաքական միասնական ճակատ, ուժի գործոն․ Էրդողան-Ալիև բանակցությունների հայկական օրակարգը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի վերընտրությունից և երդմնակալության հանդիսավոր արարողությունից հետո առաջին օտարերկրյա «կանգառը», ավանդույթի համաձայն, Հյուսիսային Կիպրոսն էր, որը ճանաչում է միայն Թուրքիան, ապա՝ Ադրբեջանը։

Հունիսի 12-ի երեկոյան մեկնարկեց Էրդողանի պետական այցն Ադրբեջան։ Հայաստանի դեմ Թուրքիայի և Ադրբեջանի սանձազերծած ողբերգական և ծանր արդյունքներով 44-օրյա պատերազմից հետո, ՀՀ արտաքին քաղաքականության ռազմավարության բացակայության, Ռուսաստան-Արևմուտք պատերազմական հարաբերությունների ֆոնին՝ Հարավային Կովկասում ՌԴ դերի նվազման պայմաններում թուրք-ադրբեջանական տանդեմը և հատկապես Էրդողան-Ալիև համագործակցությունը ցավալիորեն ռեգիոնում վերածվել է լրջագույն գործոնի և ՀՀ պետականության գոյության համար աննախադեպ սպառնալիքի։ Ուստի կարևոր են այն շեշտադրումները, որոնք այսօր հնչել են Բաքվում՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ թյուրք առաջնորդների օրակարգի գլխավոր թեման էր իրավիճակը Հարավային Կովկասում, այդ թվում՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը։

Կողմերի բուն հանդիպումները և բանակցությունները, մամուլի համար հայտարարությունները տարածվեցին այսօր, և, ինչպեսև կարելի էր ակնկալել, երկու ղեկավարներն իրենց ելույթներում հատուկ ուշադրություն դարձրին 2021 թվականին իրենց ստորագրած ռազմավարական դաշինքի մասին, այսպես կոչված, «Շուշիի հռչակագրին»։

Էրդողանն ասաց, որ Թուրքիան Շուշիում հյուպատոսություն կբացի, և Անկարայի կողմից այդ քայլը «ուղերձ կլինի ամբողջ աշխարհի, մասնավորապես՝ Հայաստանի համար: «Մենք վճռական ենք բոլոր ոլորտներում զարգացնել մեր հարաբերությունները, որոնք Շուշիի հռչակագրի ստորագրմամբ դուրս են եկել դաշնակցային մակարդակի»,- ասել է Էրդողանը։

Ալիևն էլ իր հերթին՝ նշել է, որ Շուշիի հռչակագիրը պատմական համաձայնություն է, որի արդյունքում Թուրքիան և Ադրբեջանը պաշտոնապես դաշնակիցներ դարձան, և որի երկրորդ տարեդարձը կլինի մի քանի օրից։

Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ չնայած ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր մեծ վստահությամբ հայտարարեց, թե «միջանցքի» թեման ադրբեջանական հռետորաբանությունից դուրս է եկել, Իլհամ Ալիևն Էրդողանի հետ բանակցություններին հաջորդած ասուլիսում հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումն անխուսափելի է:

«Ամեն անգամ, երբ մենք հանդիպում ենք՝ քննարկում ենք տրանսպորտի հետ կապված հարցեր: Ներկա աշխարհաքաղաքական պայմաններում Միջին միջանցքի նշանակությունն էլ ավելի է աճում: Կասպից ծովով, հետո Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումների ծավալը տարեցտարի ավելանում է և կավելանա: Ուստի, մենք Ադրբեջանում ընդլայնում ենք մեր տրանսպորտային-լոգիստիկ հնարավորությունները»,- նշել է Ալիևը: Նրա խոսքով՝ այսօր տեղի ունեցած բանակցություններում Թուրքիայի նախագահի հետ մտքեր են փոխանակել Զանգեզուրի միջանցքի շուտափույթ բացման վերաբերյալ: «Զանգեզուրի միջանցքի բացումն անխուսափելի է: Որքան արագ այն բացվի, այնքան լավ: Ամեն դեպքում մենք ավելացնում ենք մեր ջանքերն այդ ուղղությամբ: Այդ միջանցքի բացումը նոր հնարավորություններ կստեղծի բոլոր երկրների համար և դրականորեն կանդրադառնա տարածաշրջանում գործնական համագործակցության համար»,- ասել է Ալիևը:

Ալիևը, ինչպես իր բոլոր հրապարակային ելույթներում, այս անգամ ևս նշել է, որ միջազգային իրավունքը չի գործում, և ժամանակակից աշխարհում առաջին պլան է մղվում ուժի գործոնը։ Նա մասնավորապես ընդգծել է, որ 30 տարվա ընթացքում տեսել են, որ իբրև թե բանակցություններն ու քննարկումներն իրենց ոչ մի արդյունք չեն տվել, և իրենց ուժն է, որ հանգեցրել է արդյունքների։ «Ուստի համատեղ գործողությունների ուղղությամբ տարվող աշխատանքն ավելի կամրապնդի մեր ուժերը՝ ինչպես տարածաշրջանում, այնպես էլ՝ աշխարհում»,- նշել է նա։

Ըստ Ալիևի, Թուրքիայի ընտրություններից հետո ավելի մեծ հնարավորություններ են բացվում երկու երկրների համար, ավելին՝ Թուրքիան և Ադրբեջանը արտաքին քաղաքականության հարցերում կշարունակեն գործել միասնական դիրքերից։ «Արտաքին քաղաքականության ոլորտում մեր համատեղ գործունեությունը մեծ նշանակություն ունի ողջ տարածաշրջանի և թյուրքական աշխարհի համար։ Թուրք-ադրբեջանական միասնության գործոնը շատ կարևոր է տարածաշրջանի զարգացման, կայունության և անվտանգության տեսանկյունից»,- ասել է նա։

Ալիևը նաև հայտարարել է, որ Ադրբեջանից Թուրքիա բնական գազի արտահանումը տարեցտարի աճում է, և այսօր իրենք պայմանավորվել են, որ այն կշարունակի աճել։ Նա նշել է նաև, որ դրան զուգահեռ՝ շարունակում է աճել ադրբեջանական գազի արտահանումը դեպի եվրոպական երկրներ Թուրքիայի տարածքով, և դրա պահանջարկը մեծ է, այսօր մտքերի փոխանակում է տեղի ունեցել վերականգնվող էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ, այսօր Ադրբեջանը և Թուրքիան ակտիվորեն համագործակցում են գազի, նավթի, նավթամթերքների, նավթաքիմիական և էլեկտրաէներգիայի ոլորտներում։

168am-ի հետ զրույցում ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ թուրք-ադրբեջանական ներկայիս սերտ հարաբերությունները, որոնք պայմանավորված են նաև Էրդողան-Ալիև անձնական համակրանքով և խորը հարաբերություններով, կարելի է ասել՝ վերելք ապրեցին Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո և դարձան ողջ թյուրքական աշխարհի համար կարևոր գործոն։ Ըստ նրա, այդ պատերազմն այս երկու երկրների միջև վերջին տարիների հարաբերություններում կարևոր հանգրվան է, քանի որ նրանք դրանով ոչ միայն ցավալիորեն հաջողություններ արձանագրեցին, այլև միասնականություն ցույց տվեցին մյուս երկրներին, դրանով իսկ մեծացնելով իրենց ազդեցությունը։

«Այսօրվա բանակցությունները (թեև դեռևս քիչ տեղեկատվություն է հայտնի) ցույց են տալիս, որ այդ հարաբերությունները նույն տեմպով շարունակվելու են, արվեցին գրեթե նույն շեշտադրումները, ինչ միշտ։ Թուրքիան և Ադրբեջանն ունեն կոնսենսուս արտաքին քաղաքական բոլոր թեմաների վերաբերյալ և հատկապես Հայաստանի հարցով, որում առանցքայինն այն է, որ անկախ ՀՀ քաղաքականությունից՝ նրանք շարունակելու են ՀՀ-ի հետ շփվել, ելնելով ուժի գործոնից։ Մի բան, որն ուշադրությունից դուրս չի մնում, Շուշիում հյուպատոսություն բացելու հայտարարության մեջ Էրդողանը նշում է, որ դա ուղերձ է լինելու հայությանը, նա չի նշում ՀՀ իշխանություններին, այլ հայությանը, որովհետև այստեղ կարծես թուրքական կողմը հասկանում է, որ իշխանության և հայության դիրքորոշումները Թուրքիայի հետ հարաբերությունների և պատմական հարցերի շուրջ հակասում են։ Սա շատ կարևոր նրբություն է։ Թուրքիայի և Ադրբեջանի հռետորաբանությունը, չնայած նրանց արձանագրած առաջընթացին, չնայած ՀՀ իշխանությունների կողմից դիմադրության բացակայության, չի մեղմվում, այլ ավելին՝ անընդհատ շրջանառվում է ուժ գործադրելու, ուժի կարևորության մասին, ամեն առիթով ասվում է, որ պատրաստ են ուժ կիրառել, սա պետք է ընդգծել»,- ասաց վերլուծաբանը։

Նրա խոսքով, բնականաբար, ընտրություններից հետո շարունակվելու է թյուրքական աշխարհի ու նոր աշխարհագրության, նոր ճանապարհների, թուրանական պրոյեկտների առաջմղումը։

«Ալիևի համար Էրդողանի առաջին այցն Ադրբեջան հավելյալ ոգևորող գործոն է, որն էլ ավելի վստահությամբ է լցվում իր ծրագրերի հարցում, թեև ընդհանուր առմամբ պետք էր ակնկալել, որ առաջին այցը լինելու է դեպի Բաքու և հնչելու են հենց այս շեշտադրումները»,- նկատեց նա։

Իր հերթին՝ եվրոպացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտն ասաց, որ որևէ անակնկալ տեղի չի ունեցել, սպասված այց էր, սպասված հայտարարություններում։

«Ես կասեի, որ տարբերությունն այն է, որ Արևմուտքն այլ կերպ է վերաբերվում այս հարաբերություններին և Թուրքիայի արտաքին քաղաքականությանը։ Այս իմաստով ես առավելապես ուշադրություն կհրավիրեի Բլինքենի և Թուրքիայի նորանշանակ ԱԳ նախարարի առաջին հեռախոսազրույցի բովանդակության վրա։

Նրանք, ի թիվս այն լայն օրակարգի, որն ունեն Թուրքիան և Միացյալ Նահանգները, քննարկել էին հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Բոլորին է հայտնի, որ Էրդողանի հետ Արևմուտքի համար բարդ է, ռուս-թուրքական հարաբերությունները խնդիրներ են ստեղծում Արևմուտքի համար, բայց Արևմուտքը երբեք այսչափ ներգրավված ու վճռական չի եղել, և կարծում եմ՝ դա որոշակի գործոն է այսօր, որը պետք է էլ ավելի ամրապնդվի»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս