Արցախի հարցով վերջին կուլիսային որոշման արդյունքն ադրբեջանական անցակետով իրականացվող շարժերն են. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այսօր խորհրդարանում հայտարարությունների ժամին հիշեցրեց, որ արդեն 6 ամիս է՝ Արցախը թշնամու շրջափակման մեջ է։
«Հայաստանյան իշխանությունը սկզբում փորձում էր հասարակությանը, արցախցիներին համոզել, թե ջանքեր է գործադրում Արցախի ապաշրջափակման ուղղությամբ, տարբեր միջազգային ատյաններ դիմում։ Սակայն իշխանության հայտարարությունն Արցախի հանձնման մտադրության վերաբերյալ՝ փորձ էր Հայաստանի ու Արցախի պայքարը թաղելու, արցախցիների ճակատագրի վրա խաչ քաշելու և առհասարակ արցախցիների վրա քար նետելու համար։
Իշխանության ինքնախոստովանական ցուցմունքը վերջնականապես պատռեց նրա իրական դեմքը։ Մյուս կողմից՝ դա իշխանությունների կողմից մեծ նվեր էր Ադրբեջանին՝ լեգիտիմացնելու մինչև այս պահը Հայաստանի ու Արցախի նկատմամբ իրականացրած ագրեսիան, ինչպես նաև Հայաստանն Արցախին կապող միջանցքում ադրբեջանական անցակետ տեղակայելու հարցում»,- նշեց Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ բարդ է դիպուկ, ճշգրիտ բառերով բնութագրել այն անձանց հոգեվիճակն ու պահվածքը, ովքեր հանգիստ տոնով, առանց ամոթի զգացումի՝ խոսում են հայրենիքի տարբեր հատվածների հանձնման և դրա անհրաժեշտության մասին։
«Ոչ պակաս գարշելի ու ստորաքարշ են նրանք, ովքեր իրար հրելով՝ իրենց նետում են այդ դիրքորոշումը պաշտպանելու համար։ Արցախի հարցով վերջին կուլիսային որոշումը, որը հետևանք էր Հայաստանի իշխանությունների՝ Արցախի հարցով հնչեցրած դիրքորոշման, Հայաստանի ու Արցախի իշխանությունների կուլիսային պայմանավորվածության, Հայաստանից Արցախ ու հակառակ ուղղություններով շարժերն են, որոնք իրականացվում են ադրբեջանական անցագրային ռեժիմով։ Այսօր հայ մարդուն Արցախից Հայաստան և հակառակ ուղղությամբ ստիպում են շարժվել ադրբեջանական խաղի կանոններով»,- ընդգծեց Տիգրան Աբրահամյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում