Իշխան Սաղաթելյանը՝ Հրանտ Մարգարյանի հետ ունեցած տարաձայնության, ՀՅԴ ժողովին վերաբերող լուրերի մասին

«Հրանտ Մարգարյանն իմ ավագ ընկերն է, ՀՅԴ Բյուրոյի 20 տարվա ներկայացուցիչը, ով մեծ ավանդ ունի և՛ Դաշնակցության, և՛ ՀՀ-ի ու Արցախի պետականության կայացման մեջ։ Մեր միջև որևէ տարաձայնություն չի կարող լինել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով տարածվող լուրերի մասին լրագրողի հարցադրմանը՝ նշեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի վերընտրված ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Դաշնակցության ժողովի մասին տարածվող լուրերին անդրադառնալով էլ՝ նա վստահեցրեց, որ Դաշնակցության բոլորը ժողովներն անցնում են թեժ:

«Հատկապես այս ժողովը, քանի որ որևէ դաշնակցական չի կարող հանգիստ լինել մեր երկրում ստեղծված իրավիճակով։ Այո՛, մենք ունեցել ենք շատ բուռն քննարկումներ. Դաշնակցության ներքին ժողովրդավարությունը թույլ է տալիս, որ Դաշնակցության շարքերը բաց, անկաշկանդ, երբեմն անխնա քննադատեն իրենց ղեկավարությանը, բայց մենք ցանկացած ժողովից հետո դուրս ենք գալիս միասնական և լծվում ենք մեր որոշումներն իրագործելու գործին»,- նշեց նա։

Հիշեցնենք՝ այսօր «Հրապարակ» օրաթերթը մասնավորապես գրել էր. «Երեկ հայտնի դարձավ, թե ովքեր են ընդգրկվել ՀՅԴ ԳՄ, այսինքն՝ հայաստանյան կառույցի նոր կազմում, որն ընտրվել է կուսակցության 26-րդ Գերագույն ժողովի արդյունքում։ Մեր տեղեկություններով, բավականին բուռն է ընթացել ժողովը, տարաձայնություններ, վեճեր են եղել, մի խումբ մարդիկ` Հրանտ Մարգարյանի կառավարմամբ, ցանկացել են Իշխան Սաղաթելյանին փոխարինել այլ անձով, սակայն չի ստացվել․ նա վերընտրվել է, երրորդ անգամ անընդմեջ, ինչը նշանակում է, որ ՀՅԴ հայաստանյան կառույցում շարունակելու է ղեկավարել Իշխան Սաղաթելյանը, և ՀՅԴ կուրսը չի փոխվելու»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս