«Եթե ՀՀ-ն ինչ-որ պահի մտածի, որ պետք է արտապատվիրակի որևէ գործառույթ երրորդ երկրի, դա Հայաստանի ներքին հարցն է, և նման որոշում կկայացնի». Ալեն Սիմոնյան

«Որքանով ես հասկանում եմ, Վաշինգտոնում նախատեսված հանդիպումը հետաձգվեց՝ կապված Էրդողանի Բաքու այցի հետ։ Տեսնում եք, որ ժամանել է Բաքու և այս օրերին պետք է լիներ, կարծում եմ՝ պատճառը դա է»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով Վաշինգտոնում նախատեսված հայկական կողմի հետ հանդիպումը Բաքվի առաջարկով հետաձգելու մասին։

Ըստ Սիմոնյանի, Հայաստանն ու Ադրբեջանը քննարկվող հարցերի վերաբերյալ տարբեր ընկալումներ ունեն, և լինում է, որ հաճախ ամենապարզունակ բանի վերաբերյալ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը ոչ մի միտում չեն ունենում, և պահի տակ կարող է ինչ-որ մեկի կողմից այլ կերպ մեկնաբանվի։

«Այս ամենը հաճախ դուք և մեր ընդդիմությունը տարբեր կերպ եք մեկնաբանում և վտանգներ եք գտնում»,- խոսքն ուղղելով լրագրողներին՝ ասաց Ալեն Սիմոնյանը և շարունակեց.

«Հիմա թե՛ մեր, թե՛ ադրբեջանական կողմն ամեն ինչ անում է, որպեսզի այլ կարծիքների ու մեկնաբանությունների տեղիք չթողնի, որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ մենք նման բաների հաճախակի ենք հանդիպում, որ ադրբեջանական կողմը փորձում է այլ կերպ մեկնաբանել, հայկական կողմը՝ այլ, բայց իրականությունը մեկն է»։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է հարցին, թե հնարավո՞ր է Էրդողանի՝ Բաքու կատարած այցից հետո Ադրբեջանը կոշտացնի իր դիրքորոշումը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց՝ ոչ, դիրքորոշման կոշտացնելը ոչ թե դրանով է պայմանավորված, այլ՝ հայկական կողմի դիրքից, ասելիքից, միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ։

«Օրինակ, «միջանցքի» մասին խոսակցության ժամանակ հայկական կողմը դրսևորեց իր կամքը և մինչև վերջ ասաց, որ նման բան չի լինելու։ Չնայած որոշները փորձեցին սակարկել ու ասել, թե պարոն Փաշինյանն ինչ-որ բան է խոստացել, բայց ակնհայտ է, որ դրա մասին խոսեց ՌԴ նախագահը, նաև տեսնում ենք, որ ադրբեջանական հռետորաբանությունից դուրս է եկել, կամ փորձում են ասել, որ այլ բան նկատի ունեին։ Այս ամենը նույն կերպ կարող եք պրոյեկտել բանակցային գործընթացի վրա։

Պարտադրանք չի կարող լինել մեկ պարզ պատճառով, որովհետև ՀՀ իշխանությունն ընտրված է, եթե մենք ընտրված չլինեինք, այո՛, պարտադրանք կարող էր լինել։ Հայաստանն այսօր մեծ հաջողություններ է գրանցում ժողովրդավարության աստիճանի մակարդակով։ Աշխարհն այսուհետ այս ամենն ընկալում է՝ որպես հարձակում ժողովրդավարության վրա, ամենքս մեր սխալներն ունենք, ճիշտ է՝ ամեն ինչ իդեալական չէ, ակնհայտ է իշխանության կամքը՝ եղած խնդիրները նույնպես լուծելու և շտկելու համար»,- ընդգծեց նա։

Հարցին՝ ճանապարհների ապաշրջափակման ժամանակ Հայաստանի համար սկզբունքայի՞ն է, որ ճանապարհներն անպայման հայկական կողմը վերահսկի, Ալեն Սիմոնյանը պատասխանեց.

«Ինչի՞ մասին է խոսքը, Հայաստանն ինքնիշխան տարածք ունի, որտեղ գործում են ՀՀ օրենքները, և այլ կերպ դա չի կարող մեկնաբանվել։ Եթե ՀՀ-ն ինչ-որ պահի մտածի, որ պետք է արտապատվիրակի իր որևէ գործառույթ երրորդ երկրի մարմիններին, դա Հայաստանի ներքին հարցն է, և ինքը նման որոշում կկայացնի»,- ընդգծեց Ալեն Սիմոնյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս