Պատերազմն անխուսափելի է. Երևանի վրա հարձակվելու համար թշնամուն բարենպաստ պայման են տալիս՝ հանձնելով Տավուշի գյուղերը. Սերգեյ Մելքոնյան

Ադրբեջանն անորոշ ժամկետով հետաձգելով հունիսի 12-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մակարդակով պլանավորված հանդիպումը, իր համար մի քանի խնդիր է լուծում՝ օգտագործելով նոր հնարավորությունների համար բացված պատուհանը։

168 ТV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքմանը միտված բանակցային գործընթացի և հետաձգված Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին, նման տեսակետ հայտնեց  «Հայկական նախագծի» համահիմնադիր, «Ապրի» վերլուծական կենտրոնի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մելքոնյանը։

«Առաջինն Ադրբեջանը պատրաստվում է բարձրացնել Հայաստանի առաջ դրված պահանջների նշաձողը, որովհետև տեսնում է, որ բանակցային սեղանի շուրջ Հայաստանի դիրքերը չեն ամրապնդվում, և Հայաստանը մնացել է միայնակ իր խնդիրների հետ։ Ալիևը, որը հայտարարել է, թե Արցախում պետք է պետական մարմինները լուծարվեն, հիմա փորձում է Հայաստանի միջոցով պարտադրել Արցախին գնալ ադբեջանական օրակարգով, այդ թվում և՝ խաղաղապահների դեմ գործել»,- ասաց Մելքոնյանը՝ ընդգծելով, որ Արցախում, իբրև թե, անօրինական զինված ուժերի ներկայությունը կարող է դառնալ Ադրբեջանի կողմից, այսպես կոչված, «հակաահաբեկչական գործողություն» իրականացնելու պատճառ: Դրան էլ չի խոչընդոտի, օրինակ, ԱՄՆ-ը, որովհետև Պետդեպի պաշտոնյաները ողջունել են Ալիևի՝ Արցախի իշխանությունների նկատմամբ համաներում կիրառելու հնարավորության մասին հայտարարությունը։

Կարդացեք նաև

Ըստ նրա՝ երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ճանաչում է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, դրանով զրկեց որևէ երկրի Ադրբեջանի ներքին գործերին խառնվելու հնարավորությունից։

«Ադրբեջանը, եթե սկսի Արցախի Պաշտպանության բանակի և ոստիկանության դեմ գործողություններ և դրանք որակի հակաահաբեկչական, որևէ երկիր, այդ թվում և՝ Հայաստանը դա չի կանխելու»,- ասաց Մելքոնյանը՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելով՝ Փաշինյանը նաև զրկել է Ռուսաստանին՝ Արցախի կարգավիճակի հարցն ապագա սերունդներին թողնելու իր առաջարկից։

Ըստ Մելքոնյանի, Հայաստանի իշխանության վարած քաղաքականության հետևանքով՝ հրաժարվելով դաշնակիցներից և չգտնելով շահակիցներ, բարենպաստ պայմաններ են ստեղծվել թշնամու համար, ընդհուպ՝ Երևանի վրա հարձակվելու առումով։

«Պատերազմն անխուսափելի է։ Հանձնելով Տավուշի մարզից, Արարատի մարզից գյուղեր, իշխանությունն ավելի բարենպաստ պայմաններ է ստեղծում թշնամու համար Երևանի և Հայաստանի այլ քաղաքների վրա հարձակվելու համար»,- ասաց նա։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս