ՀՀ վարչական դատարանը անվավեր է ճանաչել Սեդա Սաֆարյանի «Դանոսի» հիման վրա ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի կողմից իմ վերաբերյալ կայացված որոշումը. Արամազդ Կիվիրյան
Փաստաբան Արամազդ Կիվիրյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշման մասին, ըստ որի՝ Փաստաբանների պալատի խորհրդի կողմից Արամազդ Կիվիրյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և նմանատիպ որոշումները քանի որ ենթակա են քննության ՀՀ վարչական դատավարության կարգով, գործի քննությունը տեղափոխվել էր ՀՀ վարչական դատարան, որն էլ դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, անվավեր է ճանաչել Սեդա Սաֆարյանի բողոքի հիման վրա ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի կողմից կայացված որոշումը:
«Ժամանակին, իրականացնում էի դատական ներկայացուցչություն մի շարք քաղաքացիական գործերով, որոնցով դատավարական հակառակորդի ներկայացուցիչը, այն ժամանակ փաստաբան, իսկ ներկայումս ՍԴ դատավոր նշանակված Սեդա Սաֆարյանն էր:
Պարզաբանեմ, որ մշտապես ներկայացրել եմ մի ընտանիքի շահերը, որի նախկին անդամներից մեկը, ում անունից հանդես էր գալիս Սեդա Սաֆարյանը, որոշել էր դատական հայցեր նախաձեռնել այդ ընտանիքի դեմ և բնականաբար շարունակել եմ պաշտպանել այդ ընտանիքի շահերը, ընդ որում, ունենալով նաև նախկին այդ ընտանիքի անդամի գրավոր համաձայնությունն առ այն, որ իրավասու եմ ներկայացնելու ցանկացած անձի շահերը, թեկուզև առկա լինի շահերի բախում:
Այդ նույն ժամանակահատվածում ՀՀ փաստաբանների պալատը սկսել էր արշավ մի շարք փաստաբանների, այդ թվում նաև իմ նկատմամբ: Հարուցվում էին տասնյակ կարգապահական վարույթներ, կայացվում էին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումներ: Մոտավորապես այն նույն իրավիճակն էր, ինչ այսօր ԲԴԽ-ում:
Եվ ահա, պարտվելով բոլոր դատական գործերով և օգտվելով ՀՀ փաստաբանների պալատի կողմից ճնշումներ գործադրելու ցանկությունից, Սեդա Սաֆարյանը որոշել էր իմ նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և կարգապահական պատասխանատվության ենթարկելու հաղորդում (այսուհետ՝ Կլյաուզա կամ Դանոս) ներկայացնել ՀՀ փաստաբանների պալատ, որտեղ բնականաբար օգտվելով առիթից, երկար սպասել չտվեց ինձ կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշման կայացումը:
Պալատի կողմից կայացված որոշումը բողոքարկվել էր դատական կարգով, այնուհետև, ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված դիրքորոշման հիման վրա, առ այն, որ նմանատիպ գործերը ենթակա են քննության ՀՀ վարչական դատավարության կարգով, գործի քննությունը տեղափոխվել էր ՀՀ վարչական դատարան:
ԵՎ ԱՅՍՊԵՍ՝
08.06.2023 թվականին, ՀՀ վարչական դատարանը, դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, անվավեր է ճանաչել Սեդա Սաֆարյանի Դանոսի հիման վրա ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի կողմից կայացված որոշումը»: