Պատգամավորների տեսակցությունները Տոնոյանի հետ սահմանափակված չեն. փաստաբան

Հունվարին 168.am գրել էր, որ հրթիռների գործով վկաների թիվը հասնում է 15-ի, և, որ նրանց թվում են, մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Մակար Ղամբարյանը, վերջինի հետ է կայացել Դավիթ Տոնոյանի միակ առերեսումը:

Արդեն ապրիլին հայտնել էինք, որ հրթիռների գործով մոտ 4 ժամ որպես վկա հարցաքննվել է Սեյրան Օհանյանը, և, որ դատարանում նրա կողմից որևէ հարցի պատասխան չի եղել ի վնաս Դավիթ Տոնոյանի: Որպես վկա՝ արդեն հարցաքննվել է նաև ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Մակար Ղամբարյանը, ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության ավիացիոն ունեցվածքի և սպառազինության ծառայության աշխատակիցներ կամ ծառայողներ և այլք:

168.amի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբան Ավետիք Կարապետյանը հայտնեց, որ 15 վկաներից 10-ն արդեն հարցաքննվել են:

«Դեռևս 5 վկա չի հարցաքննվել: Նրանց թվում բարձրաստիճան և հայտնի պաշտոնյաներից միայն ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանն է, որը չի հարցաքննվել դեռևս առողջական ինչ-որ խնդիրների պատճառով»,- նշեց նա:

Կարդացեք նաև

Փաստաբանն ասաց նաև, որ Դավիթ Տոնոյանի մերձավոր հարազատների տեսակցությունները նրա հետ սահմանափակված չեն:

«Սահմանափակված են տեսակցություններն այլ անձանց և ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ: Ի դեպ, այլ անձանց մեջ պատգամավորները չեն մտնում: Որքանով ես հիշում եմ, պատգամավորների կողմից տեսակցության արգելք օրենքով չկա»,- հավելեց Ավետիք Կարապետյանը:

Արդյոք ընդդիմադիր պատգամավորներից Դավիթ Տոնոյանին տեսակցելու ցանկություն հայտնե՞լ են, դիմում ներկայացրե՞լ են, Տոնոյանի փաստաբանը պատասխանեց, որ նման ինֆորմացիա իրեն հայտնի չէ:

Տեսանյութեր

Լրահոս