Ռուսաստանն Արևմուտքի՞ն է զիջում Հայաստան-Ադրբեջան գործընթացը․ ինչ սպասել արևմտյան բանակցային գործընթացից

Հայաստան-Ադրբեջան, այսպես կոչված, խաղաղության համաձայնագրի բանակցությունների հերթական ռաունդը տեղի կունենա հունիսի 12-ին Վաշինգտոնում։ Մինչ այդ բանակցային գործընթացից են խոսել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները, ինչպես նաև ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը։

Չնայած Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարում է, որ անհնար է կանխատեսել, թե որքան ժամանակ կպահանջի այդ գործընթացը, ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը կարծում է՝ բանակցությունները շատ ինտենսիվ են գնում, և եթե կարողանան պահպանել այս ընթացքը, ապա հնարավորություն կա տարեվերջին ունենալ խաղաղության պայմանագիր: Նա նաև հստակեցրել էր, որ Քիշնևում սահմանների դելիմիտացիայի հարցով որոշակի առաջընթաց է եղել, հնարավոր չէ ասել, որ վերջնական լուծված է այդ հարցը, սակայն առաջընթաց կա: Արարատ Միրզոյանն այսօր իր հերթին ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ կոնկրետ քարտեզի շուրջ վերջնական պայմանավորվածություն չկա։

Սակայն, ինչպես Արմեն Գրիգորյանը՝ իր վերջին հարցազրույցում, այնպես էլ Միրզոյանը՝ ԱԺ-ում, ակնարկեցին, որ Ալիևը միշտ առարկել է սահմանազատման համար որպես հիմք վերցնել 1975 թվականի քարտեզները, և միայն վերջին` քիշնևյան հանդիպման ժամանակ է, որ ասել է` դեմ չէ։ Սակայն Ադրբեջանի ԱԳՆ-ն այսօր հայտարարեց, որ Բաքուն և Երևանը կոնկրետ քարտեզի հիման վրա սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածություններ չունեն։

Ինչ վերաբերում է Արցախի կարգավիճակի թեմային, ապա Արարատ Միրզոյանն այսօր ասաց, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի ամբողջականության համար պետք է նաև Ստեփանակերտ-Բաքու երկխոսության հարթակ ձևավորվի։ Ավելին, ըստ նրա, իրենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից մանդատ չեն ստացել իրենց ապագայի մասին բանակցելու։

«Մենք իրավունք չունենք որոշել նրանց կարգավիճակը, մենք այդպիսի հավակնություն էլ չենք ներկայացրել, չենք էլ փորձում այդպիսի բան անել։ Միակ բանը, որ մենք փորձում ենք ապահովել Հայաստան–Ադրբեջան կարգավորման գործընթացում, հետևյալն է` մենք համարում ենք, որ այդ կարգավորումը իրատեսական, ամբողջական, երկարատև, տևական, կայուն չի կարող լինել, եթե այդ կարգավորման շրջանակներում չի ստեղծվում մի հարթակ, մի երկխոսության մեխանիզմ, որտեղ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը և պաշտոնական Բաքուն կարող են երկխոսել, բանակցել բոլոր այն հարցերի շուրջ, որոնք հետաքրքրում են և կարևոր են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և նրանց ապագայի համար»,- ասաց Արարատ Միրզոյանը, թերևս մոռանալով, որ շաբաթներ առաջ Նիկոլ Փաշինյանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղը, դրանով իսկ ընդունելով ԼՂ-ն Ադրբեջանի կազմում՝ Արցախի կարգավիճակը։

168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ ԼՂ կարգավիճակի հարցում պաշտոնական Երևանի մոտեցումները չեն փոխվել պատերազմից հետո, Հայաստանն իրեն քիչ-քիչ հեռացրել է այս հարցից, որի վերջնակետն այն էր, որ ՀՀ իշխանությունները հստակ հայտարարեցին, որ ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Լեռնային Ղարաբաղի հետ միասին։

Նա նաև հիշեցրեց, որ Բաքուն երկար ժամանակ աշխատում էր, որ այն, ինչ հրապարակային չի հայտարարվում ՀՀ իշխանությունների կողմից, սակայն ենթադրվում է, հայտարարվի ուղիղ ձևով, որպեսզի տարընթերցումներ չլինեն։ Ըստ վերլուծաբանի, եթե Երևանը մանդատ չէր ստացել, ու դիրքորոշումը դա էր, ապա ճանաչել նման ձևաչափով ու նման հստակեցումներով տեղին չէր։

«Սակայն այդ ճանաչումից ինչո՞ւ չզարմացանք, քանի որ մինչ այդ այնքան հայտարարություններ էին արվել՝ սկսած նշաձողի իջեցումից, նրանից, որ պատասխանատուն այլևս Ռուսաստանն է, Հայաստանը որևէ իրավասություն ու անելիք չունի, միևնույն ժամանակ՝ կա նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթուղթը ևս, որը Երևանն իրականացրել է, և դա վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլև Լեռնային Ղարաբաղին։ Ուստի այս հակասական հայտարարությունները մեկնաբանելու իմաստ այլևս չկա։ Կա իրականություն, որ կամ Բաքուն կհամաձայնի ինչ-որ կերպ բանակցել ԼՂ հայության հետ, կամ ճնշումների ալիք կսկսի։ Այստեղ մեծ բան է կախված՝ ինչպես Ռուսաստանից, այնպես էլ՝ Արևմուտքից։ Թեև Արևմուտքի ու Երևանի դիրքորոշումները ԼՂ հարցում լիովին նույնական են»,- ասաց Տարասովը։

Նրա խոսքով, խաղաղության համաձայնագիրը մինչև տարեվերջ ստորագրելու հնարավորություններ կան։

«Սակայն, որքան կան հնարավորություններ, այնպես էլ վտանգներ ու սպառնալիքներ՝ պայմանավորված աշխարհաքաղաքական իրավիճակով։ Հստակ է, որ Արևմուտքը Հարավային Կովկասում ունի ծրագիր, որի գլխավոր նպատակը Ռուսաստանն է, Ռուսաստանին վարկաբեկելը, դուրս մղելը ռեգիոնից։ Թե որքանով դա կստացվի, շատ բարդ է ասել, քանի որ Ուկրաինայում իրադարձությունները նոր թափով են շարունակվում, և Ռուսաստանին այս մեկ ճակատն արդեն իսկ բավական է։ Դիմակայության երկրորդ ճակատ, բնականաբար, կցանկանան բացել, և ոչ միայն՝ երկրորդ, նաև երրորդ, իսկ Ռուսաստանը դրանից խուսափում է, որն էլ կմեկնաբանվի՝ որպես թուլություն, սակայն դա իրավիճակային ռազմավարություն է։ Բացի Արևմուտքից, Ռուսաստանի համար էական էր Էրդողանի վերընտրությունը, ով մեծացրել է իր ազդեցությունը Հարավային Կովկասում պատերազմից հետո։

Ակնհայտ է, որ Ռուսաստանի հարավկովկասյան նահանջով ճանապարհ է բացվում ռեգիոնալ այլ խաղացողների համար, որոնք թշնամական չեն տրամադրված Ռուսաստանի հանդեպ, և դա այս պայմաններում բնական է Ռուսաստանի համար, խոսքը թե Իրանի, թե Թուրքիայի մասին է։ Ռուսաստանի համար կարևորն Էրդողանի հայտարարություններն են, որ հակառուսական սանկցիաներ չեն լինելու, և Թուրքիայի քաղաքականությունը, որը նոր երանգներ կարող է ստանալ Հարավային Կովկասում»,- ասաց նա։

Մեզ հետ զրույցում վրացի եվրոպագետ Կախա Գոգոլաշվիլին ասաց, որ Արևմուտքը բոլոր բաղադրիչներով գրավել է Ղարաբաղյան բանակցությունների նախաձեռնությունը ու իսկապես մոտեցել վերջնական ստորագրմանը։

Ըստ նրա, իսկապես, եթե այս ինտենսիվությամբ ընթանան բանակցությունները, ապա չկարգավորված մի քանի հարցերն առաջիկայում կկարգավորվեն, և հնարավոր կլինի ինչ-որ փաստաթուղթ ստորագրել։

«Արևմուտքի համար կարևոր է դա հենց հիմա անել, երբ Ուկրաինան սկսել է հակահարձակումը, Ռուսաստանը լուրջ պատժամիջոցների տակ է, ինչպես նաև լիովին ներքաշված ուկրաինական խնդիրներում, չունենալով ռեսուրս ոչ Հյուսիսային, ոչ Հարավային Կովկասի, Մերձավոր Արևելքի համար։ Սա բացառիկ իրավիճակ է ռազմավարական ներկայություն փոխելու համար։ Բայց սա լուծելու է ռեգիոնում միայն աշխարհաքաղաքական նոր ճարտարապետության հարցը, ռեգիոնալ խնդիրները կպահպանվեն, քանի դեռ կողմերը գիտակցված կերպով չեն հասել բոլոր հարցերի շուրջ փոխըմբռնման։

Ներկայումս Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում չափազանց հակասական իրավիճակ է, կա բանակցային գործընթաց, Արևմուտքի շահագրգռություն, բայց կողմերի միջև կան չլուծված խնդիրներ ու տարաձայնություններ։ Ժողովուրդների միջև խաղաղությունը միայն փաստաթղթով չի հաստատվելու, և ներկայիս լարվածությունը դրա վառ ապացույցն է։ Հուսանք՝ առաջիկայում Վաշինգտոնի բանակցությունները թույլ կտան նոր առաջընթաց գրանցել։

Այս ֆոնին Մոսկվայի վերջերս կայացած հանդիպումը կարելի է խայտառակություն որակել, որն ի ցույց դրեց Հայաստան-Ադրբեջան գործընթացում ՌԴ աննախադեպ թուլացումը։ Չէր եղել երբևէ հանդիպում, երբ ռուսական կողմը չկարողանար կողմերից ինչ-որ բան պոկել աշխարհին ցույց տալու համար։ Այս անգամ դա չհաջողվեց, և իրավիճակը թույլ է տալիս ենթադրել, որ առաջիկայում ևս դա տեղի չի ունենալու։

Ռուսաստանի՝ գործընթացի վրա ազդելու հնարավորությունները չնչին են, կողմերն  այսօր ավելի ազդեցիկ են և տարաձայնությունների դեպքում կարող են ազդել բանակցությունների վրա, չեղարկել դրանք, իսկ Ռուսաստանն այս պահին լուսանցքում է, ժամանակի ընթացքում դա կառարկայանա զորքերի դուրսբերմամբ Ղարաբաղից ու Հայաստանից բազայի տեսքով»,- արձանագրեց վերլուծաբանը։

Ըստ նրա, իրավիճակը կողմերի համար բարենպաստ է։

Գոգոլաշվիլիի կարծիքով՝ կողմերը կարող են Արևմուտքի կամքն օգտագործել բանակցային լավ դիրքեր գրավելու համար։

«Դրա հնարավորություններն ունեն թե Հայաստանը, թե Ադրբեջանը։ Եթե դա ինչ-որ մեկի մոտ չի հաջողվում, նշանակում է չկա դրա լավ պատկերացումը, սակայն ներկայումս հնարավորությունները չափազանց շատ են»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս