«Տնային կալանքը նույնիսկ մեղմ խափանման միջոց է տիկին Գայանեի համար». Աշոտիկի ասածը դատարանի կողմից ի գիտություն ընդունվեց. Գայանե Հակոբյանը կրկին կալանավորվեց

Այսօր Երևանի քրեական դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, մեկնարկեց զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի գործով առաջին նախնական դատական նիստը:

Հիշեցնենք՝ Գայանե Հակոբյանը մեղադրվում է Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով:

Մինչ դատական նիստը հայտնի դարձավ, որ Գայանե Հակոբյանի խափանման միջոց կալանքը Վերաքննիչ դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի որոշմամբ փոխարինվել է տնային կալանքով: Բավարարվել էր Գայանե Հակոբյանի նախորդ պաշտպանների՝ Ռուբեն Մելիքյանի, Վահան Հովհաննիսյանի դիմումը:

Դատական նիստին ներկա էին և Գայանե Հակոբյանը, և տուժող Աշոտ Փաշինյանը, ով պատասխանելով դատավորի հարցերին, ասաց՝ բնակվում է Շենգավիթ համայնքում գտնվող իրենց նախկին բնակարանում, չի աշխատում:

Կարդացեք նաև

Նիստի սկզբում պարզվեց, որ գործով հանրային մեղադրողը դժգոհ է Վերաքննիչ քրեական դատարանի որոշումից, անդրադարձավ որոշման ձևակերպումներին:

«Գտնում եմ, որ Վերաքննչ դատարանի որոշումն օրինական և պատճառաբանված չէ, և մեղադրյալի նկատմամբ պետք է կիրառվի կալանք խափանման միջոցը»,- ասաց դատախազ Դանիելյանը:

Աշոտ Փաշինյանը դատախազի ճառի վերաբերյալ դիրքորոշում չուներ:

«Հաստատում եմ, որ ինձ զանգել է Վիգեն Ազատյանը»,- ասաց նա՝ պատասխանելով պաշտպան Գեորգի Մելիքյանի հարցին:

Պաշտպան Հովսեփ Սարգսյանն էլ դատարանին ներկայացրեց պաշտպանական կողմի դիտարկումները կալանքի հիմքերի, մասնավորապես՝ քննությանը խոչընդոտելու հիմքի վերաբերյալ:

Պաշտպանի խոսքի ընթացքում դատախազը փորձեց միջամտել, սակայն դատավոր Շահվերդյանը թույլ չտվեց դա անել՝ վերջինիս հորդորելով նշումներ անել, ապա ըստ կարգի՝ անդրադառնալ դրան:

Վերջինս խոսքի իր իրավունքն իրացնելու ընթացքում, բնականաբար, պնդեց, որ գործն իրավական է, այստեղ քաղաքական հետապնդման տարրեր չկան, և ընդհակառակը, պաշտպաններն էին պնդում, որ մեղադրյալի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:

«Ես չեմ հասկանում՝ խնդիրը ո՞րն է, որ նախաքննությունը շուտ է ավարտվել: Հիմա դրանից պաշտպանական կողմը գո՞հ է, թե՞ դժգոհ»,- ասաց դատախազ Դանիելյանը:

Պաշտպանական կողմի խոսքից դժգոհ էր նաև Աշոտ Փաշինյանը, ով ներկայացել էր առանց փաստաբանի, և ում իրավական գրագիտության մակարդակը թույլ չէր տալիս պատշաճ եզրահանգումներ անել պաշտպանական կողմի իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ:

«Եթե պաշտպանական կողմն այդ մոտեցումն է որդեգրել, շատ բարի, ուրեմն տնային կալանքը նույնիսկ մեղմ խափանման միջոց է: Ակնհայտ է, որ Գարիկ Գալեյանն ու Գայանե Հակոբյանը միասին են գործել: Այլ հարց է, որ փաստերը չեն բավականացրել, որ Գարիկ Գալեյանը ևս այստեղ լինի: Հերիք չի՝ կալանքը փոխվել է, մի հատ էլ քննարկում են տնային կալանքը հանելու մասին հարցը»,- ասաց Աշոտ Փաշինյանը:

Ոչ Ձեզնից, ոչ Ձեր հորից ես չեմ կաշկանդվում. Դատավոր Մանվել Շահվերդյան

Պաշտպան Գեորգի Մելիքյանն էլ նկատեց՝ եթե Աշոտ Փաշինյանը մտնում է դատավորների համար նախատեսված դռնից, ի՞նչ երաշխիքներ կան, որ այս գործի՝ Նիկոլ Փաշինյանի համար ոչ բարենպաստ ելքի դեպքում այս դատարանի դռները չեն փակվի, ինչի փորձն արդեն կա:

Դատավորը վստահեցրեց՝ ինքը կաշկանդված չէ որևէ հանգամանքով: Աշոտ Փաշինյանն էլ նշեց՝ լրագրողների հետ էր զրուցում, ուշացել էր, դրա համար է մտել դատավորների համար նախատեսված դռնով:

Աշոտ Փաշինյանը արձագանքեց` ասելով, թե պաշտպանական կողմը կաշկանդվածության մասին է խոսում, ինչին դատավորն արձագանքեց․ «Ես պատասխանեցի՝ ոչ Ձեզնից, ոչ Ձեր հորից ես չեմ կաշկանդվում, ես բացառապես իրավական դաշտում եմ գնահատական տալու, էդ ծափահարություններն էլ դադարեցրեք»,- դատավորը խոսքն ուղղեց դահլիճում նստածներին։

Պատասխանելով դատավորի հարցին՝ Աշոտ Փաշինյանն ասաց՝ անվտանգության աշխատակիցների ծառայությունից չի օգտվում, բայց լինում են իրավիճակներ, երբ անվտանգության ծառայությունը որոշում է ինչ-որ հեռավորությունից իր հետ լինել:

«Աշոտ Փաշինյանը սուտ է խոսում: Ես պնդում եմ, որ նրան հսկում են անվտանգության երկու աշխատակիցներ: Նա անվտանգության աշխատակիցների հետ էլ եկել էր քննչական վարչություն»,- ասաց պաշտպան Գեորգի Մելիքյանը:

Դատախազը կրկին առարկեց Գեորգի Մելիքյանի ելույթի դեմ, ասաց, որ որակումներով չխոսի, սկսվեց  վիճաբանություն, միջամտեց դատավորը:

Ակնհայտորեն դատավորի համար ծանր դատական նիստ էր, երբեմն նաև վերջինս էր դուրս գալիս հունից, բարձրացնում ձայնը:

Ի վերջո, հայտարարվեց 15 րոպե ընդմիջում, որից հետո պաշտպան Հովսեփ Սարգսյանը միջնորդեց անհապաղ ազատ արձակել Գայանե Հակոբյանին:

«Մենք առարկում ենք տնային կալանքի դեմ, գտնում ենք, որ Վերաքննիչ քրեական դատարանի կողմից կայացված որոշումը ևս խիստ է»,- ասաց նա:

Դատախազը, իհարկե, առարկեց այդ միջնորդության դեմ: Նրան միացավ նաև Աշոտ Փաշինյանը:

Պաշտպան Վարդուհի Էլբակյանը, անդրադառնալով դատախազի ելույթին, նկատեց՝ «այդ ելույթից հետո մնում էր մի բան ասել՝ Գայանե Մարտիրոսյանին գնդակահարել դատարանի դահլիճում»:

Աշոտ Փաշինյանը, համենայն դեպս, ևս մեկ անգամ կասկածի տակ դրեց Գայանե Հակոբյանի պաշտպանների պրոֆեսիոնալությունը՝ շարունակ կրկնելով՝ սա իրավական գործընթաց է: Մի բառակապակցություն էլ կար, որ անդադար կրկնում էր վերջինս՝ «դատաիրավական համակարգ»: Ըստ երևույթին նրան ասել էին այս երկու եզրույթների մասին, սակայն մոռացել էին ասել, որ անվերջ չի կարելի դրանք օգտագործել:

Միջնորդության մասին իր դիրքորոշումը հայտնեց նաև Գայանե Հակոբյանը:

«Ես մայր եմ, որն ունի աշխարհի ամենամեծ ցավը: Ես այդ ցավը ոչ մեկի չեմ ցանկանա, անգամ Աշոտի մորը: Մի վախեցեք Եռաբլուրից. Այն մեզ համար սրբավայր է: Առևանգելու համար այլ տեղեր կան: Ոմանք մոռանում են՝ ես ինչ եմ այս երկրին տվել»,- ասաց Գայանե Հակոբյանը:

Գայանե Հակոբյանի խոսքից հետո իմացանք, որ Աշոտ Փաշինյանը մի եզրույթ էլ գիտի՝ հանրային անվտանգություն:

Նա նաև ասաց՝ զոհված զինծառայողի մայր լինելն ըստ էության մեղմացուցիչ հանգամանք չէ: Եթե տեղի է ունեցել հանցագործություն, ոչ մի մեղմացուցիչ հանգամանք չի կարող աշխատել:

Դատարանը, լսելով կողմերին, որոշեց փոխել Վերաքննիչ դատարանի որոշումը և փոխել տնային կալանքը մեկ ամիս կալանքի ժամկետով:

Գայանե Հակոբյանը, դիմելով դատավորին, ասաց՝ ազնի՛վ եղեք:

Պաշտպանները դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին:  Դատական նիստը հետաձգվեց:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս