Մեդվեդևն Apple-ին մեղադրել է ստելու համար
ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ խոշոր տեխնոլոգիական ընկերությունները ստում են, երբ հերքում են ազգային հետախուզության հետ համագործակցությունը։ Այսպես նա մեկնաբանել է ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության հայտարարությունը, որում ընկերությունը հերքել է ԱՄՆ հետախուզական գործակալությունների հետ համագործակցությունը, գրում է kommersant.ru-ն:
Նշենք, որ այդ հարտարարությունն արվել էր այն բանից հետո, երբ ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը մեղադրել է ռուսաստանցի օգտատերերին iPhone-ի վիրուսներով վարակելու համար։
«Երբ որևէ, նույնիսկ ամենախոշոր տեխնոլոգիական ընկերությունն ասում է, որ գաղափարական նկատառումներից ելնելով հրաժարվում է համագործակցել ազգային հետախուզական համայնքի հետ, դա նշանակում է երկուսից մեկը՝ ա) անամոթաբար ստում է կամ բ) պատրաստվում է փակվել։ Հրաշքներ չեն լինում»,- ասել է Դմիտրի Մեդվեդևը:
Անվտանգության խորհրդի փոխնախագահի խոսքով՝ անհրաժեշտ է, որ սմարթֆոնների բոլոր սեփականատերերը հաշվի առնեն այս գործոնները։
«Լինեն դա Apple-ի՝ բոլոր օգտատերերի համար փակ iOS-ով արտադրանքները, թե Samsung-ի՝ երրորդ կողմի հավելվածների համար բաց Android-ով սարքրեը: Ինչպես հայտնի սերիալում ասում էր Մյուլլերը. «Մեր ժամանակներում ոչ մեկին չես կարող վստահել, նույնիսկ ինքդ քեզ»», – նշել է Մեդվեդևը:
Հունիսի 1-ին ԱԴԾ-ն հայտարարել է Apple-ի սարքերի միջոցով իրականացվող «ամերիկյան հետախուզական գործակալությունների կողմից հետախուզական արշավի» բացահայտման մասին։ Ռուսական հետախուզական ծառայության տվյալներով՝ ռուս դիվանագետների մի քանի հազար սմարթֆոններ վարակված են եղել վիրուսներով։ Գործակալությունը ձեռք բերված տվյալները համարում է «ազգային հետախուզական հանրության, մասնավորապես՝ ԱՄՆ ազգային հետախուզական ծառայության հետ Apple-ի համագործակցության ապացույց»։