Ադրբեջանն ինչի՞ հիման վրա է «անկլավներ» պահանջում, դա իրավաբանական հիմք չունի. Ռուբեն Գալիչյան

Հունիսի 1-ին Նիկոլ Փաշինյանը Մոլդովայի հայ համայնքի որոշ անդամների հետ հանդիպման ընթացքում խոսելով «անկլավների» մասին՝  վստահեցրել էր, որ Հայաստանում չկա այնպիսի անկլավ, որի հանձնումը կարող է ճանապարհային որևէ խնդիր առաջացնել Հայաստանի համար, քանի որ ճանապարհային ցանցը զարգացնում են։

Փաշինյանի այս տեսակետի հետ համաձայն չէ ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, քարտեզագետ Ռուբեն Գալիչյանը։

«Ինքս դեմ եմ այս «անկլավների» հանձնմանը, քանի որ Ադրբեջանն իր սահմանադրական ակտի 2-րդ հոդվածով ամրագրում է, որ ժառանգն է 1918-1920 թվականների Ադրբեջանի տարածքի, իսկ այդ շրջանում որևէ «անկլավ» գոյություն չուներ։ Այդ «անկլավները», երբ ժամանակին տրվել են Ադրբեջանին, տրվել են՝ առանց իրավաբանական հիմք ունենալու։ Եթե Ադրբեջանը կարողանա իրավաբանորեն փաստեր ներկայացնել, որ դրանք ժամանակին իրեն են տրվել Հայաստանի կողմից, այդ ժամանակ ինչ-որ տեղ հասկանալի կլինի, բայց այդ ամենը մենք պետք է պահանջենք։

Երկրորդ՝ եթե Տիգրանաշենը հանձնում են Ադրբեջանին, ապա բեռնատարները, ավտոբուսները, իրանական ֆուրերն անկարող կլինեն այդ ճանապարհով անցնել, քանի որ այլընտրանքային ճանապարհը փոքր գյուղական ճանապարհ է, որն անցնում է  գյուղերի միջով, այն նեղ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Գալիչյանը։

Կարդացեք նաև

Ըստ նրա՝ այլընտրանքային ճանապարհը հայկական կողմի համար դժվար գործածելի կլինի, քանի որ դրա համար երկարատև ժամանակ է անհրաժեշտ։

Միաժամանակ Ռուբեն Գալիչյանը հարց բարձրացրեց՝ Ադրբեջանն ինչի՞ հիման վրա է «անկլավներ» պահանջում։

«Եթե այդ պահանջի հիմքն այն է, որ ասում է, թե ժամանակին այդ տարածքներում ադրբեջանցիներ են ապրել, ապա Արցախում 2 հազար տարի հայություն է ապրել, հետևաբար՝ պետք է ամբողջ Արցախը, որպես հայկական անկլավ, տրվի Հայաստանին»,- շեշտեց նա։

Քարտեզագետի խոսքով՝ եթե խոսում են «անկլավների» փոխանակման մասին, հայկական տարածքը փոխանակեն նրանց վերցրած հայկական տարածքի հետ, ապա  դա մեկ դրական կողմ ունի, որ, օրինակ, Արծվաշենն ունի այնքան տարածք, որը հավասար է երեք «անկլավների» տարածքներին։ Սակայն կա մի կարևոր հանգամանք.

«Մեզ համար Արծվաշենն այդքան ռազմավարական նշանակություն չունի, խուլ անկյունում ընկած մի վայր է, որտեղ հայեր են ապրել, որքան Տիգրանաշենն ու մյուս «անկլավները», որոնք ընկած են մայրուղիների վրա։  Մեկ անգամ ևս ուզում եմ կրկնել՝ այդ «անկլավները» գտնվում են ՀՀ սուվերեն տարածքում, եթե Ադրբեջանն ասում է, որ դրանք իրենն են, թող փաստաթուղթ ու հիմք ներկայացնի»,- եզրափակեց Ռուբեն Գալիչյանը։

Տեսանյութեր

Լրահոս