Պատմական Հայաստանի քարտեզը տեղում է, հանվել էր մաշվածության ու խամրածության պատճառով. Մետրոպոլիտեն
Տիգրան Մեծ պողոտայի նորակառույց շենքերից մեկում շինարարական աշխատանքներ իրականացնելիս վնասվել է մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի պատը:
«Ունեցել ենք փոքրիկ քարաթափում: Որ շինաշխատանքները շարունակվեին, ավելի մեծ կլիներ վնասը, բայց շինարարական աշխատանքները կասեցվել են: Մետրոպոլիտենի պահպանության բաժինն արձանագրել է տեղի ունեցածը, փորձաքննությունից հետո արդեն ավելի հստակ կլինի պատկերը»,- մեզ հետ զրույցում հայտնեց Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը:
Խոսնակն անդրադարձավ մետրոյին վերաբերող մեկ այլ թեմայի ևս: Համացանցում քննարկման առարկա էր դարձել մետրոյի կայարանից Պատմական Հայաստանի քարտեզի տեղում գովազդային վահանակ հայտնվելու փաստը։
«Քարտեզը տեղում է: Պարզապես խունացած էր, տարիների ընթացքում չի մաքրվել, գույնի կեսը գնացել էր: Քարտեզն ավելի լավ որակով ցուցադրվում է տեղադրված լեդ էկրանի վրա։ Այն հանվել էր մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի կամարից ս․թ․ մայիսի 29-ին` մաշվածության ու խամրածության պատճառով։ Լեդ էկրանի տեղադրման աշխատանքները տևել են 2 օր, որից հետո հունիսի 1-ին կայարանում արդեն իսկ լեդ էկրանի վրա ցուցադրված է եղել քարտեզն ամբողջությամբ»,- նշեց մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը: