Ալիևի վրա ունեցած կոմպրոմատդ, որ ասում էիր, Նիկո՛լ, ե՞րբ ես հանելու, Ադրբեջանը ներսից պայթեցնես, որ մենք էլ գնանք Շուշին հետ բերենք. Էդուարդ Շարմազանով
«Այսօր ուզում եմ ամփոփել քաղաքական գարունը»,- այսօր «Հենարան» ակումբում տված ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ քաղաքական գարունն ապագա պատմաբանները կանվանեն՝ որպես ձախողման, Արցախն ու ցեղասպանությունն ուրանալու գարուն:
«Բայց մեծ մասն այս գարունը կանվանի անառակի գարուն, որովհետև կապիտուլյանտն այս գարնանը բացահայտ հայտարարեց, որ Արցախն Ադրբեջան է, ու վերջ»,- ասաց ՀՀԿ ԳՄ անդամը:
Վերջինս հիշեցրեց, որ հենց այս գարնանը ՀՀԿ-ականներ Հայկ Մամիջանյանն ու Արմեն Աշոտյանը հայտարարեցին, որ Հայաստանի իշխանությունները փակել են Արցախի ինքնորոշման հարցը:
«Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում, Ռեյկյավիկում, 3 անգամ՝ ԱԺ-ում, ու հետո՝ Մոսկվայում, մի քանի լեզուներով ասաց, որ Արցախն Ադրբեջան է, և վերջ: Բայց կան քաղաքական կուրտիզանուհիներ, որոնք պաշտպանում են Փաշինյանի այդ թեզը»,- ասաց Էդուարդ Շարմազանովը՝ հիշեցնելով Նիկոլ Փաշինյանի նախկին հայտարարությունները:
Վերջինս նաև հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանի նախընտրական ծրագրում թեև գրված է Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը շարունակելու մասին, այս իշխանության Սփյուռքի հանձնակատարը հայտարարում է, որ այդ գործընթացն ավարտված է:
«Սա խաղաղության օրակարգ չէ, այլ կապիտուլյացիայի, և տարօրինակ չէ, որ Նիկոլ Փաշինյանի այս «շայկան» պաշտպանում է այդ օրակարգը»,- ասաց ՀՀԿ ԳՄ անդամը:
Ըստ նրա՝ հոգևոր և քաղաքական ընտրանին պետք է համախմբվի ու իր վճռական «ոչ»-ն ասի այս հակապետական օրակարգին:
«Եթե մենք ջայլամի քաղաքականությամբ թույլ տանք, որ Նիկոլն իր «29800» քաղաքականությամբ մնա, մեր պետականությունը կունենա գրոշի արժեք: Քանի մենք ունենք երկու ագրեսիվ պատերազմ՝ ի դեմս Թուրքիայի և Ադրբեջանի, մենք մշտապես պետք է պատրաստ լինենք պայքարի, հակառակ դեպքում մենք պետք է լինենք թուրքի ստրուկ: Նիկոլը մեզ ուզում է դարձնել թուրքի ստրուկ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով՝ թշնամի պետությունները 30 տարի լուռ էին, քանի որ մենք հաղթած պետություն էինք:
«Բա որ հաղթած չէինք, Նիկո՛լ, դու Շուշիում ո՞նց էիր տրնգի պարում, Քարվաճառով ու Լաչինով ո՞նց էիր Արցախ գնում: Լաչինի միջանցքի փակման երկու թամադա կա՝ Ալիևն ու Նիկոլը»,- ասաց նա՝ նկատելով, որ Փաշինյանն է հայաթափել Սուսը, Բերձորը և Աղավնոն:
Էդուարդ Շարմազանովը նաև շեշտեց՝ 1988թ.-ի պայքարը չի եղել անվտանգության պայքար, այլ Արցախի ինքնորոշման համար պայքար:
«Նիկոլի տված ստերը թույն են, բայց մենք պիտի պայքարենք: Քանի որ մենք ունենք վարչապետ, որը մեր կադաստրի վկայականի բնօրինակը մեկին է վաճառել, կրկնօրինակը՝ մյուսին, ունենք այս վիճակը»,- ասաց նա:
Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախի ճանաչումն Ադրբեջանի կազմում Եռաբլուրի տղաների հիշատակի պղծում է, ու սա հակաբարոյական արարք է:
«Նրանք, ովքեր Եռաբլուր են գնում, ծաղիկներ են դնում Սպարապետի կամ տղաների շիրիմին, պիտի համարձակություն ունենան ասելու՝ իրենք համաձա՞յն են Նիկոլի հետ, թե՞ ոչ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Վերջինս նկատեց՝ կա երեք ձև, որ ցույց տանք՝ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու որոշումը Նիկոլ Փաշինյանի ու նրա խունտայի կարծիքն է՝ հարցում, հանրաքվե և ստորագրահավաք:
«Ստորագրահավաքի նպատակը մեկն է՝ ստուգել հանրային տրամադրություններն ու հայ ժողովրդին փորձել հանել այս ապատիայից: Ես վստահ եմ, որ հայի տեսակը Նժդեհի տեսակն է, բոլոր այն արցախցիներն են, ովքեր պայքարում են, չեն հանձնվում»,- ասաց ՀՀԿ ԳՄ անդամը:
Նրա խոսքով՝ հայոց պատմության մեջ չի եղել ղեկավար, որ ստացել է 42 000 քկմ տարածք, բայց երազում է 29 800-ը պահելու մասին:
«Ալիևի վրա ունեցած կոմպրոմատդ, որ ասում էիր, Նիկոլ, ե՞րբ ես հանելու, Ադրբեջանը ներսից պայթեցնես, որ մենք էլ գնանք Շուշին հետ բերենք»,- պատերազմից մեկ օր առաջ Հ1-ին տված, բայց այդպես էլ եթեր չհեռարձակված հարցազրույցի մեջ արտաբերած Փաշինյանի մտքերը հիշեցրեց Էդուարդ Շարմազանովը:
Նրա պնդմամբ՝ իրենց քաղաքական ուժը՝ ՀՀԿ-ն, երբեք չի լքելու պայքարի խրամատը:
«Շատերին թվում է՝ Նիկոլ Փաշինյանն Արևմուտքի հետ է խաղեր տալիս, բայց դա այդպես չէ: Նրա դաշնակիցը պանթուրքիզմն է: Նիկոլի նպատակը հետևյալն է՝ Ռուսաստանը հանել տարածաշրջանից, Հայաստանը նետել թուրքական վագրի բերանը ու գնալ Էրդողանին ասել՝ հաշիվը դո՛ւրս գրիր, ասա՛ գնամ ինչ անեմ: Բայց Արևմուտքն ու Ռուսաստանն այստեղ ունեն կենսական շահեր, և ոչ ոք նրան թույլ չի տա մանևրել»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով՝ մենք ազգային անվտանգության երեք սպառնալիք ունենք՝ Ալիև, Էրդողան՝ իրենց կառավարություններով, և Նիկոլ Փաշինյան՝ իր խունտայով:
«Պաշտոնապես հայտարարում եմ՝ ՀՀ-ն 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանից հետո նախագահ չի ունեցել: Կոտրվի այս ձեռքս, որ ընտրել է Արմեն Սարգսյանին: Դրա համար մինչև այսօր ապաշխարում եմ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
ՀՀԿ ԳՄ անդամը ևս մեկ անդամ պնդեց՝ ողբերգական ընթացքը կանգնեցնելու համար պետք է համախմբվեն բոլոր ազգային ուժերը՝ Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդությամբ:
«Մեր տունը քանդվեց էն ժամանակ, երբ հաղթանակի տարիներն անվանել ենք մթի և ցրտի տարիներ, Արցախը համարել ենք արցախցունն ու ոչ հայաստանցունը, երկրում էլ հայաստանցի-արցախցի տարանջատում է մտցվել, ու դա արել են սրանք»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Նա նաև նկատեց՝ կստորագրվի՞, թե՞ ոչ «խաղաղության պայմանագիր», Նիկոլ Փաշինյանն ամենավտանգավոր բանն արել է. նա Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում:
Մանրամասները՝ տեսանյութում: