
1 ամսում 10 միլիոն դրամի ծախս՝ հյուրասիրությունների և նվերների համար

Ազգային ժողովը շարունակում է միլիոնավոր դրամներ ծախսել հուշանվերների գնման և հյուրասիրության համար. բոլոր գնումներն իրականացվում են մեկ անձից գնման ընթացակարգով։
Նույն ընթացակարգով հերթական գնման պայմանագիրը կնքվել է մայիսի 23-ին. Ազգային ժողովի աշխատակազմը 6 միլիոն 110 հազար դրամի մեղր է գնել. խոսքն այս դեպքում որպես հուշանվեր գնված ապակյա և փայտե տարաներով մեղրի մասին է։
6 միլիոն 110 հազար դրամի գնումը Ազգային ժողովի աշխատակազմը կատարել է «Վիդու փրեզենթս» ՍՊԸ-ից։
Մայիս ամսվա ընթացքում 2 միլիոն դրամի մեկ անձից գնում էլ ԱԺ աշխատակազմը կատարել է «Անուշ Նանի» ՍՊԸ-ից. Հայաստան ժամանած պատվիրակության անդամների համար այդ գումարով կազմակերպել են հյուրասիրություն։
Մայիս ամսվա հաջորդ գնումը «Տելեկոմ Սիստեմս» ՍՊԸ-ից է՝ 2 միլիոն դրամի չափով. այդ գումարով թղթե տոպրակներն են գնել ԱԺ-ի լոգոյով, գնումը դարձյալ մեկ անձից գնման ընթացակարգով է։
Ստացվում է՝ միայն մայիս ամսվա համար Ազգային ժողովում 10 միլիոն դրամ են ծախսել հյուրասիրության և նվերների համար։
Հիշեցնենք, որ 5 միլիոն դրամի մեղր և ալկոհոլ էլ Ազգային ժողովի աշխատակազմը գնել էր անցյալ տարվա մայիսին: