Բաժիններ՝

Ծխախոտամոլությունը կարող է հանգեցնել անոթների սպազմի, զարկերակային ճնշման բարձրացման. սրտաբան

2022 թվականին Հայաստանում իրականացված Առողջապահության համակարգի գործունեության համակարգի ընտրանքային հետազոտությունների տվյալների համաձայն` 16 տարեկանից բարձր բնակչության 25.5%-ը ծխում է: Ծխողների գերակշիռ մասը տղամարդիկ են (տղամարդկանց 53.2%-ը, կանանց` 2%-ը)։ ՀՀ Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ բնակչության առողջության վրա փակ տարածքում երկրորդային ծխի ազդեցության ուսումնասիրությունը ցույց տվեց, որ 2016 թ.-ի համեմատ՝ 2022 թ.-ին այն նվազել է 53.1%-ից մինչև 47.0%։

Հայաստանում ամեն տարի ծխախոտով պայմանավորված հիվանդություններից մահանում է ավելի քան 5500 բնակիչ:

Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների բոլոր տեսակները վնասակար են առողջության համար, չկա դրանց անվնաս չափաբաժին:

Հանրային առողջության մասնագետ, սրտաբան Տաթևիկ Հովակիմյանի փոխանցմամբ՝ ծխախոտամոլությունը և ծխախոտային տարատեսակ արտադրատեսակների կիրառումը սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման և մահացության առաջին ռիսկի գործոնն են հանդիսանում:

Կարդացեք նաև

168.am-ը հետաքրքրվեց, թե նիկոտինն արդյո՞ք բերում է անոթների պատերի հաստացման, ինչի՞ է հանգեցնում դրանց վնասումը, և արդյո՞ք պասիվ ծխողները ևս կարող են ծխի պատճառով ձեռք բերել սիրտ-անոթային հիվանդություն, Տաթևիկ Հովակիմյանը պատասխանեց. «Սկսած ծնված օրվանից՝ պասիվ ծխելն ազդում է սիրտ-անոթային համակարգի վրա: Ընտանիքում ծխող ծնող ունեցող երեխաների մոտ մինչև մեկ տարեկան հանկարծամահության ռիսկը զգալիորեն ավելի բարձր է: Նրանց մոտ բարձր է նաև խոլեստերինի մակարդակը, հիպերլիպիդեմիան, ինչպես նաև հետագայում աթերոսկլերոտիկ կորոնար հիվանդության ձեռքբերման հավանականությունը: Երեխաների մոտ պասիվ ծխելու արդյունքում նաև քրոնիկական, շնչառական ինֆեկցիաների հավանականությունն է բարձրանում, ինչպես նաև ականջի բորբոքման հավանականությունը: Ընտանիքներում սովորություն կա, որ գնում, կողքի սենյակում են ծխում, բայց Հայաստանի Ամերիկյան համալսարանում արված հետազոտություններից մեկով, երբ ստուգել էին երեխայի գլխի մազի մեջ նիկոտինի պարունակությունը՝ մյուս սենյակում ծնողի ծխելուց մեկ օր անց, տեսել էին, որ բարձր է»:

Սրտաբանն ընդգծեց՝ պասիվ ծխելը նույնչափ բարձրացնում է սիրտ-անոթային հիվանդությունների հավանականությունը:

«Անոթի պատին անուղղակի կերպով է ազդում, այսինքն, քանի որ ծխախոտամոլությունը կարող է հանգեցնել անոթների սպազմի, զարկերակային ճնշման բարձրացման, քրոնիկական ծխախոտի օգտագործումը, այո, կարող է բերել անոթի պատի հաստացման: Ազդում է նաև արյան մակարդելիության վրա, որի արդյունքում գոյանում են թրոմբներ, ինչն ապագայում դառնում է ինսուլտի, ինֆարկտի և սիրտ-անոթային այլ բարդությունների պատճառ»,- ընդգծեց Տաթևիկ Հովակիմյանը:

Տեսանյութեր

Լրահոս