«Տիկին Գայանեի հանդեպ մինչ նրան ՁՊՎ տանելը տեսել եմ անմարդկային վերաբերմունքի դրսևորում. Բոլորն են տեսել, թող պատմեն». Վահան Հովհաննիսյան

«Ժորա Չիչոյանի որոշումը մեզ համար իսկապես անակնկալ էր, քանի որ գրեթե մեկ օր տևող միջնորդության քննարկման ընթացքը չէր կարող հանգեցնել նման որոշման կայացման: Այսինքն՝ միջնորդության բուն քննությունը և կայացված որոշումը միմյանցից տարբերվում էին: Առհասարակ միջնորդությունների քննարկման ընթացքում շատ դատավորներ պարզապես լսում են, անմասն են մնում քննարկումից: Այդ միջնորդության քննության ընթացքում Ժորա Չիչոյանը վարույթն իրականացնող մարմնին այնպիսի հարցեր տվեց, որոնք բացահայտեցին կալանքի միջնորդության հիմքերի բացակայությունը: Եվ ես իրոք կարծում եմ, որ առանձին սենյակում ինչ-որ բան է փոխվել, ճնշում է եղել նախագահող դատավորի վրա, որն էլ հանգեցրել է նման որոշման կայացման»,- 168.am«Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմում զոհված ժորա Մարտիրոսյանի մոր՝ Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով մեղադրվող Գայանե Հակոբյանի վերաբերյալ վարույթին ու նրա կալանավորմանը:

Ըստ նրա՝ դատարանն իր որոշման մեջ նախ արձանագրել էր, որ Գայանե Հակոբյանն անօրինական ազդեցություն կունենա վարույթի մասնակիցների նկատմամբ՝ առանց պարզաբանելու՝ ովքեր են վարույթի մասնակիցները:

«Եվ երկրորդ, ամենատարօրինակ հիմքը, որին հետխորհրդային Հայաստանում ես չեմ հանդիպել և վստահ եմ, որ չի հանդիպել որևէ իրավաբան, այն էր, որ տիկին Գայանեն, ազատության մեջ գտնվելով, կարող է կատարել նոր հանցանք, իսկ նոր հանցանքն Աշոտ Փաշինյանի կրկնակի առևանգումն էր: Դատարանը պարզաբանել էր, որ հաշվի առնելով տիկին Գայանեի մոտիվացիան, այն հանգամանքը, որ շարժառիթները կապված են վարչապետի աշխատանքային և ծառայողական գործունեության հետ, հետևաբար՝ այնքան, որքան Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարում է, տիկին Գայանեի մոտ այդ մոտիվացիան առկա է»,- ասաց փաստաբանը:

Կարդացեք նաև

Նա նաև հավելեց՝ սա հակասում է ՄԻԵԴ բազմաթիվ որոշումներին, ըստ որոնց՝ կալանքը չի կարող շարունակական լինել, իսկ Ժորա Չիչոյանի մեկնաբանությամբ՝ կա՛մ Գայանե Հակոբյանը պետք է կալանավորված մնա, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է, կա՛մ դատավորը պայծառատես է և գիտի, որ մի ամսից Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինելու:

Անդրադառնալով Գայանե Հակոբյանի գործից իրենց հրաժարվելուն ու դրա շուրջ բարձրացված աղմուկին՝ Վահան Հովհաննիսյանը հատուկ ընդգծեց՝ իրենք չեն ասել, որ առհասարակ սպառվել է իրավական գործընթացը, այլ, որ սպառվել է ներպետական իրավական գործընթացը:

«Եթե դատավորը որպես կալանքի հիմք՝ նշում է, որ տիկին Գայանեի արարքը կապված է Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման հետ, ակնհայտ էր, որ այդ պայմաններում միջնորդությունը չէր կարող մասնակի բավարարվել ու կալանք տրվել մեկ ամսով, և առնվազն երկու ամիս կալանքի պահանջը պիտի երկու ամսով բավարարվեր: Այսինքն՝ անհասկանալի էր՝ կալանավորման նման հիմքերի դեպքում ինչի՞ են մեկ ամսով տվել կալանքը: Հետագա գործընթացները եկան մեզ ապացուցելու՝ ինչի է այդպես եղել: Այս գործով քննչական մարմինը, դատախազությունն ու դատարանը գործել են միաձուլված, ինչը նշանակում է, որ պատվերը ենթադրաբար եկել է մեկ անձից՝ ՀՀ վարչապետից»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ դատավոր Չիչոյանը որոշում կայացնելու պահին տեղյակ եղել է, որ այս գործը մեկ շաբաթում ավարտվելու է, հետևաբար՝ 2 ամսով կալանք տալու իմաստ չկար:

Վահան Հովհաննիսյանը նշեց՝ սա արդեն իրենց համոզեց, որ այս գործով ուղղորդում է տեղի ունենում, և օբյեկտիվ քննության մասին խոսք լինել չի կարող:

«Հաջորդ հանգամանքը Նիկոլ Փաշինյանի ասուլիսն էր, երբ նա տիկին Գայանեի արարքն արդեն որակեց առևանգում: Եվ մենք հասկացանք, որ տիկին Գայանեի նկատմամբ տեղի է ունենում քաղաքական հետապնդում, և նրա վերաբերյալ մեղադրական ակտն արդեն կայացված է: Այստեղ էր արդեն, որ մեր տարընկալումներն առաջացան: Մենք բոլորս համակարծիք էինք, որ Գայանե Հակոբյանի նկատմամբ իրականացվում է ապօրինի հետապնդում, բայց տիկին Գայանեի ընտանիքը գտնում է, որ սա իրավական հետապնդում է, այստեղ քաղաքական հետապնդման տարրեր չկան: Մենք դրա հետ սկզբունքորեն չէինք կարող համաձայն լինել: Մենք հասկանում էինք, որ կամ պետք է այս կողմ գնանք, կամ այն կողմ. իրենք մեզ հետ համաձայն չէին»,- ասաց Վահան Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ եթե այս գործն արդեն ձեռք է բերում քաղաքական հետապնդման վարույթի բնույթ, ապա նրա վրա պետք է հրավիրվի միջազգային ու տեղական իրավապաշտպան կազմակերպությունների, քաղհասարակության, որոշակի հիմնադրամների ուշադրությունը:

«Այսինքն՝ գործի շուրջ պետք է ստեղծվի աղմուկ, լինի հնչեղություն, որպեսզի միայն միջազգային իրավական կառույցների ճնշման ներքո գործադիր մարմնի ղեկավարը հնարավորություն չունենար ազդելու գործով դատաքննության վրա, իսկ դատաքննական մարմինն էլ կայացներ օբյեկտիվ դատական ակտ: Սա ամենևին քաղաքականություն չէ»,- ասաց փաստաբանը:

Հարցին՝ արդյո՞ք տիկին Գայանեի վրա ճնշումներ գործադրվել են, Վահան Հովհաննիսյանը պատասխանեց՝ ես տեսել եմ անմարդկային վերաբերմունքի դրսևորումներ մինչև իրեն ՁՊՎ տանելը:

«Այդ մասին տեղեկացված են նաև իմ գործընկերները, տիկին Գայանեի ընտանիքի անդամները, սակայն, քանի որ ներկայումս ես վարույթով փաստաբան չեմ, չեմ ցանկանում այդ մասին բարձրաձայնել, բայց բոլորի ներկայությամբ է տեղի ունեցել: Եթե իրենք կուզեն, այդ մասին թող խոսեն»,- ասաց Վահան Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս