Փաշինյանի վարձատրությունը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջատիրության ճանաչման համար
Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ամեն օրվա հետ մխրճվում է ավտոկրատիայի, ամբողջատիրության ճահճի մեջ՝ նաև այդ պատճառով Հայաստանը հասցնելով անդառնալիության կետին մոտեցող աղետների։
Ժողովրդավարության բովանդակային, ֆունկցիոնալ ցուցիչը ոչ թե կամ ոչ միայն ընտրությունների արդյունքներն են, այլ իշխանության գործունեության վերահսկողությունն ու հաշվետվողականությունը։
Իրական ժողովրդավարական համակարգում այդ գործառույթն իրականացվում է իշխանության՝ իրապես տարանջատված թևերի կողմից միմյանց հակակշռման ու փոխզսպման միջոցով։ Օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունը, քաղաքացիական հասարակությունը, այդ թվում՝ մամուլը, իրար վերահսկում են այնպես ու այնքան, որ իշխանության թևերից յուրաքանչյուրն իր ցանկացած քայլի համար իրեն հաշվետու է համարում՝ մյուս թևերի, այդմով նաև՝ հասարակության առաջ։
Հայաստանում այդ մեխանիզմը չի գործում կատարելապես, իշխանության թևերի տարանջատում՝ որպես այդպիսին, գոյություն չունի, քանի որ բոլոր այդ թևերը կառուցված են մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի կամքը բավարարելու սկզբունքով։ Ազգային ժողովն իրենից ներկայացնում է ոչ թե առաջնային մանդատ ունեցող քաղաքական մարդկանց ու ուժերի հարթակ, այլ առաջին դասարանցիների ինտելեկտուալ ու կամային հատկանիշներ ունեցողների խառնամբոխ, որոնց միակ նպատակը Նիկոլ Փաշինյանին հաճոյանալն ու նրա որոշումները դակելն է։
Այսինքն՝ իշխանության թևերից խորհրդարանական կարգ ունեցող երկրում առաջնային համարվողն ուղղակի գոյություն չունի՝ այդ բառի ոչ թե ֆիզիոլոգիական, այլ՝ գործառութային իմաստով։
Դատական իշխանությունը, որը մինչև վերջերս փորձում էր ինքնուրույնության նշաններ ցույց տալ, համակարգված ռեպրեսիաներից հետո տեղավորվում է իշխանության սպասարկուների շարքում և կարճ ժամանակ անց վերջնականապես կկրոցնի իշխանությանը հակակշռելու վերջին փշրանքները։
Միանգամայն այլ է ձևական գործառույթներ ունեցող, այդուհանդերձ, իշխանության համակարգում կարևոր՝ նախագահի դերը։ Ի դեմս Վահագն Խաչատուրյանի, նախագահական ինստիտուտը ոչ թե կորցնում է ինքնուրույնությունը (հնարավոր չէ կորցնել այն, ինչ ի սկզբանե գոյություն չունի), այլ ձեռք է բերում Փաշինյանի պալատական սազանդարի ինքնուրույն կարրգավիճակ։ Երկրում, որը կանգնած է գոյաբանական սպառնալիքների առաջ, որը ձեռքերը լվացել է իր 120 հազար քաղաքացիներից, նախագահը, թեկուզ և սահմանափակ լիազորություններով, այդ ամենի համար պատասխանատու վարչապետին որևէ այլ ասելիք չունի, բացի շնորհակալությունից։ Վահագն Խաչատուրյանը՝ որպես հանրապետության նախագահ, ոչ թե հակակշռում է գործադիր իշխանությանը, այլ համահարթեցնում է դրան, եթե կարելի է այդպես անվանել։ Նա ոչ միայն դեմ չէ Արցախը հանձնելու փաշինյանական քաղաքականությանը, այլև իր կողմից աջակցում է դրան՝ ստանձնելով արցախյան առաջին պարտադրված պատերազմում հաղթանակած Հայաստանին որպես ագրեսոր ու պատերազմը սանձազերձող ներկայացնելու նողկալի դերը։
«Խաղաղության օրակարգը» մտասևեռում դարձրած ու դրանով ամեն գնով Ադրբեջանի հետ հարաբերությունների հաստատման ձգտող Նիկոլ Փաշինյանը մի կողմից՝ իրականացնում է «Արցախը Ադրբեջան է, և վերջ» կարգախոսը՝ ֆիզիկական իմաստով, մյուս կողմից՝ «Հայաստանը Ադրբեջան է, և վերջ» բանաձևը՝ քաղաքականապես՝ իր իշխանությունը, ինչպես ինքն է սիրում ասել, մոտարկելով Ալիևի ավտոկրատիային։
Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման դիմաց նա աշխարհից ստացել է սեփական իշխանությունն ամբողջատիրական դարձնելու ինդուլգենցիա, որն իրացնելու է մինչև վերջին անկլավը։
Հարություն Ավետիսյան