Բաժիններ՝

Բեմից դեպի փողոց, փողոցից դեպի բեմ. Երևանի կենտրոնում երգող Իվան Ալավինը՝ փողոցային կատարումների յուրահատկությունների մասին

Հատկապես վերջին տարիներին Երևանի փողոցներում շրջելիս հաճախ ենք հանդիպում տաղանդավոր երաժիշտների, որոնք իրենց կատարումներով փոխում են քաղաքի մթնոլորտը: Երբեմն տպավորություն է ստեղծվում, թե Երևանը համերգասրահ է բաց երկնքի տակ:

Իր երգացանկով, անկեղծ կատարումներով աչքի է ընկնում Մոսկվայից Հայաստան ժամանած Իվան Ալավինը: Կիթառ նվագելով և երգելով թե՛ ռուսական, թե՛ արտասահմանյան հիթեր՝ նա կարողանում է իր շուրջ համախմբել բազմաթիվ մարդկանց և մեծ բավականություն պատճառել նրանց:

«Արմենպրես»-ի թղթակիցը հանդիպել է երգչին՝ փորձելով բացահայտել փողոցում երգելու մշակույթի հետաքրքիր կողմերը, երգչի երաժշտական նախասիրություններն ու առաջիկա ծրագրերը:

Ալավինը վեց տարեկան է եղել, երբ ծնողները նրան երաժշտական դպրոց են տարել: Որոշել են՝ իրենց որդին պետք է ակորդեոն նվագի: «Ծնված օրից ձախ ձեռքիս հետ կապված խնդիր կար. չէի կարողանում այն շարժել: Որպեսզի խնդիրը վերանա, ինձ ակորդեոնի դասերի ուղարկեցին: Դա ինձ դուր չէր գալիս ու այնքան էլ լավ չէի սովորում: Սկզբում փոքր ակորդեոն ունեի, հետո մի քիչ ավելի մեծ, իսկ հետո՝ մեծ: Այդ շրջանում նաև մանկական երգչախումբ ընդունվեցի: Պարզվեց՝ կարողանում եմ երգել: Ժամանակի ընթացքում ես հասկանում, թե որ ուղղությամբ ես առաջ գնալու, և երբ ավարտեցի երաժշտական դպրոցը, ասացի՝ ոչ մի երաժշտություն և հնարավորինս հեռու դրեցի ակորդեոնը»,-պատմում է Իվան Ալավինը:

Տարիներ անց նա վերադառնում է երաժշտությանը: Ասում է՝ մեծ եղբայրը դաշնամուր էր նվագում, և նրան շատ տաղանդավոր էին համարում: Իվանը հաճախ է լսում եղբոր նվագն ու ակամայից տարվում երաժշտությամբ: Նա երգում է, եղբայրը՝ նվագում: Սկսում են սեփական մեկնաբանություններով ներկայացնել «Արիա», «Մումի տրոլ» և այլ խմբերի երգեր:

Հետո նրանց գրավում է ջազը: «Հենց այդ ընթացքում իմ երաժշտական ճաշակը փոխվեց, իսկ կիթառի հետ ծանոթությունը շատ վաղուց է եղել: Տանը գործիքը կար, և ծնողներս հաճախ էին երգում ու նվագում. տատիկս հրաշալի էր երգում: Չնայած մաթեմատիկների ընտանիքում եմ մեծացել, սակայն բոլորը շատ են սիրում երաժշտություն»,-նշում է նա ու հավելում՝ որպես կեղծանուն օգտագործում է մորական պապի ազգանունը՝ Ալավին: Նա երաժիշտ է եղել:

Իվանը երգել է տարբեր ռեստորաններում, հանդիսությունների, համերգների ընթացքում, հանդես է եկել խմբի հետ, բայց ինչ-որ պահի որոշել է, որ պետք է միայնակ ներկայանա: «Ես որոշակի լսարան ունեմ: Ինձ վստահում են, և ես եմ ընտրում այն երգերը, որոնք կատարելու եմ: Նվագում եմ այն, ինչը դուր է գալիս և՛ ինձ, և՛ ունկնդիրներին: Եթե այն, ինչ երգում եմ, ինձ դուր չգա, մարդկանց երբեք դուր չի գա, որովհետև ես ստիպված կնվագեմ ու անհետաքրքիր, տհաճ կլինի: Երբ դադարեցի երգել Մոսկվայի շքեղ ռեստորաններից մեկում, բացահայտեցի մի նոր ալիք, որն արդեն ձգվում է տասը տարի, խոսքը՝ փողոցային ելույթների մասին է: Դա շատ հետաքրքիր է. բազմաթիվ ծանոթությունների, հետաքրքիր երաժշտական առաջարկությունների հրաշալի հարթակ է»,-հավաստիացնում է Ալավինը:

Երգիչը փողոցում երգում է ոչ միայն գումար վաստակելու համար, այլև տարբեր շերտերի, խավերի մարդկանց ճանաչելու, նրանց հետ ծանոթանալու հետաքրքրությունից ելնելով:

Փողոցում երգելը համեմատում է դաշտում աշխատելու հետ: «Նման է պատմության, որում ոչ թե որպես գեներալ ես հանդես գալիս, այլ երգում ես սովորական մարդկանց համար, շատ հույզեր ես փոխանցում ու ստանում: Ես ամեն բան եմ հոգով անում, իսկ գումարը՝ հետո: Գիտեմ, որ ամեն դեպքում ինձ վճարելու են, ուստի չեմ տրտնջում ու փորձում եմ լավագույնս ներկայանալ: Եթե անգամ չեն վճարում, էներգիա գտնում եմ կրկին երգելու համար, իսկ եթե մարդիկ նաև նյութապես են աջակցում, ինչը ևս կարևոր է, ավելի շատ եմ ոգևորվում: Հարցը հենց գումարը չէ, այլ այն, որ նրանք պատրաստ են այդ գումարը տալ, նշանակում է՝ նրանց այնքան է դուր գալիս քո կատարումը, որ պատրաստ են հրաժեշտ տալ անգամ մեծ գումարների»,-նշում է երգիչը:

Ըստ նրա՝ փողոցում երգելը, ինչն անվանում են ուղղակի Street, մի ամբողջ աշխարհ է, որտեղ շատ երաժիշտներ կան. ինչ-որ մեկը մեխանիկորեն է նվագում, ինչ-որ մեկը հոգի է ներդնում, ոմանք ուղղակի սիրում են այն էներգիան, որը տալիս են ու ստանում…

Հենց փողոցում երգելու ժամանակ է Իվան Ալավինին նկատել ռուսական Голос (Ձայնը) նախագծի գլխավոր պրոդյուսերը: Իվանը երգել է Մոսկվայի կենտրոնում, երբ նրան է մոտեցել մի կին, երկար լսել է նրա կատարումները, հետո կնոջն է միացել մի բարձրահասակ տղամարդ: Նրանք մոտեցել են երգչին և պարզվել է, որ տղամարդը նախագծի գլխավոր պրոդյուսեր Յուրի Ակսյուտան է: Նա Իվանին հրավիրել է մասնակցելու նախագծին:

Երգիչը մի քանի փուլ է անցել, սակայն վստահեցնում է, որ մրցույթն իրեն շատ բան է տվել: «Մի քիչ անհարմար էր, քանի որ նկարահանման օրն արթնացել էի առավոտյան 6:00-ին, այնտեղ հասա 10:00-ին, երգեցի 22:00-ին: Բայց ինձ համար մասնակցությունն անգին փորձ էր: Այնտեղ հետաքրքիր արտիստների հետ հանդիպեցի, որոնց հետ համագործակցում ենք»,-հիշում է երգիչը:

Ալավինը ոչ միայն կատարում է հայտնի երգեր, այլև գրում է իր սեփական երգերն ու ձայնագրում դրանք: «Երկար տարիներ աշխատում եմ այդ ուղղությամբ, երգերի գործիքավորում եմ իրականացնում, ձայնագրում եմ: Ունեմ մի քանի ստեղծագործություն, որոնք կարող եք լսել: Բոլոր գործիքներն ինքս եմ ձայնագրում: Հեղինակային երգերս ռուսերեն են: Կան նաև անգլերեն երգեր, սակայն իմ լսարանի մեծ մասը ռուսներ են, ռուսախոս են: Մտածում եմ ռուսերեն և ինձ համար ավելի հեշտ է իմ մտքերն ու գաղափարները, ասելիքը տեղ հասցնել իմ սեփական լեզվով»,-շեշտում է նա:

Խոսելով այն մասին, թե ինչու է նախընտրել Հայաստանը՝ Ալավինն ասում է՝ իրեն շատ ջերմ են դիմավորել այստեղ: «Այստեղ երաժշտություն շատ են սիրում, քանի որ հայերը երաժշտական ժողովուրդ են: Մոսկվայում բազմաթիվ հայ ընկերներ ունեմ: Նրանց թվում նկարիչներ են, երաժիշտներ, բժիշկներ: Հայաստանում մարդիկ լավ են ընկալում իմ երաժշտությունը: Նրանք և՛ վայելում են, և՛ վճարում են: Ով լավ է նվագում ու երգում, նրան գնահատում են: Երբեմն հաճելի, երբեմն էլ տհաճ վիճակներ են լինում երգելու ընթացքում: Հիմա մի քիչ լարված է իրավիճակը. շատ ռուսներ այստեղ են տեղափոխվել ապրելու, իսկ ես երկու քաղաքում եմ ապրում: Մեկնում եմ Մոսկվա, հետո՝ Երևան. աշխատում եմ և՛ այնտեղ, և՛ այստեղ: Այստեղ ինձ լավ եմ զգում, սակայն ինձ աշխարհի բնակիչ եմ համարում: Բոլոր երաժիշտներն են այդպես մտածում: Երաժիշտը դուրս է քաղաքականությունից ու նման բաներից: Նա չի կարող որևէ տեղ նստել: Ես մտադրություն ունեի Փարիզ գնալ՝ նվագելու, ուզում եմ մեկնել Իսպանիա, եթե ստացվի, չգիտեմ, թե որքան կմնամ այդ երկրներում: Այնպես է ստացվել, որ հիմա Հայաստանում եմ, որտեղ հարմար է, եղանակը հրաշալի է»,-ընդգծում է Ալավինը, որի կինն ու դուստրը Մոսկվայում են:

Երգիչը չի կարծում, որ իր երաժշտությունն ուրախ է: Ըստ նրա՝ ռոմանտիկ երաժշտություն է կատարում, որը մեղեդային է, իսկ տեքստերը կյանքին են վերաբերում:

«Իմ ելույթներով ցանկանում եմ որակյալ երաժշտություն, ինչ-որ բարի բան փոխանցել մարդկանց, ինչի կարիքն այսօր շատ կա: Նույնը վերաբերում է փողոցում երգելուն: Ես երգում եմ, դրանով ապրում եմ: Տեսնում եմ՝ դա մարդկանց դուր է գալիս: Հայաստանում կմնամ այնքան ժամանակ, քանի դեռ սիրով եմ այստեղ նվագում, քանի դեռ իմ երաժշտությունը լսում են, սիրում»,-ասում է Ալավինն ու խոստովանում՝ վաղուց է մտածում հայերեն որևէ գործ ներկայացնելու մասին, սակայն հայերենը շատ բարդ լեզու է համարում: Նա մտածում է՝ եթե ինչ-որ բան ես անում, պետք է լավ անես:

Երգիչն այժմ համերգներով Մոսկվայում է, սակայն խոստանում է վերադառնալ և Երևանում մի քանի երաժշտական նախագծեր իրականացնել, որոնցում կընդգրկվեն և՛ ռուս, և՛ հայ երաժիշտները:

Անժելա Համբարձումյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս