Եթե ասում են, որ թունավորումների 70 տոկոսը հավի մսից է, ի՞նչ են խորհուրդ տալիս. Բաբկեն Պիպոյան
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախորդ մի քանի տարիներին արձանագրած սննդային թունավորումների վերլուծությունը ցույց է տվել, որ, հակառակ այն թյուր կարծիքի, թե ցանկացած աղիքային վարակ պայմանավորված է միայն սննդային գործոնով, դրանց գերակշիռ մեծամասնությունը, երկրորդային կամ խաչաձև աղտոտման պատճառով են (ձեռքերի վրա գտնվող բակտերիաների ու վիրուսների փոխանցումը մթերքին):
ՍԱՏՄ-ի փոխանցմամբ՝ թեև 2021-ի (18 տնտեսավարողի մոտ) համեմատ 2022 (7 տնտեսավարողի մոտ) թվականին Հայաստանում թունավորման դեպքերը պակասել են 2,5 անգամ՝ պայմանավորված Տեսչական մարմնի վերահսկողությամբ, խնդիրը կանխատեսելի և կառավարելի լինելու համար անհրաժեշտ է նաև սպառողների ուշադրությունն ու պատասխանատու վերաբերմունքը:
Թունավորումների վերլուծությամբ առանձնացվել է երկու ռիսկ.
թունավորման դեպքերի մոտ 90 տոկոսն արձանագրվում է հանրային սննդի կետերում, որտեղ կատարված ստուգումներով հայտնաբերվել են հիմնականում սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ և աշխատակիցների նախնական և պարբերական բժշկական զննության անհամապատասխանություններ, թունավորումների 70 տոկոսի դեպքում օգտագործված սննդամթերքը եղել է հավի միսը:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանի դիտարկմամբ, եթե նշվում է, որ թունավորումների մեծ մասը երկրորդային աղտոտման պատճառով են, ինչպե՞ս պատահեց, որ այն վերաբերեց հավի, ոչ, ասենք, տավարի, խոզի մսին կամ կաթնամթերքին:
«Կարո՞ղ է պարզվել, որ իրականում թունավորման պատճառը երկրորդային աղտոտվածությունը չէ, բայց այդպես են նշում, քանի որ չեն հայտնաբերել: Հիշենք հանրային սննդի օբյեկտներում աղմկահարույց թունավորումները. հավի շաուրման էր կամ պիցցան, աղցանը, որի մեջ այդ հավի միսն օգտագրծվել էր, ու երկրորդային աղտոտվածության հարց քննարկվում էր այն օբյեկտում, որտեղ նույն օրը, նույն ժամին հավի մսից հետո հաճախորդների մոտ կլինիկական դրսևորում չէր եղել: Եթե երկրորդային աղտոտվածությունից է խոսվում, որևէ բանի առանձին անդրադարձ չպետք է լիներ:
Ավելին, այս հաղորդագրությունից հետո պետք է հորդոր լիներ՝ ուղղված սպառողին. ո՞ւր է այն: Պետք է կոչ անեին հանրությանը՝ ուշադրություն դարձնել այս կամ այն բանին: Ինչի՞ն գնամ, ես՝ որպես սպառող, նայեմ: Օրինակ, կարող էր նշվել, որ քաղաքացին որոշակի հատվածից կարող է տեսնել խոհանոցի սանտիտարահիգիենիկ պայմանները: Պետք է խոսել խնդիրների մասին, ոչ թե «գալոչկայի» համար: Բա, եթե ասում են, որ թունավորումների 70 տոկոսը հավի մսից է, ի՞նչ են խորհուրդ տալիս. ասո՞ւմ են, ինչպես հալեցնել սառեցված հավը»,- մեզ հետ զրույցում ասաց Բաբկեն Պիպոյանը: