Սեուլն ու Տոկիոն Հյուսիսային Կորեայից պահանջել են հետախուզական արբանյակ չարձակել
Ճապոնիայի և Հարավային Կորեայի կառավարությունները Հյուսիսային Կորեայի իշխանություններից պահանջել են հրաժարվել հետախուզական արբանյակի արձակման պլաններից՝ վկայակոչելով ՄԱԿ-ի կողմից հրթիռային փորձարկումների արգելքը: Այս մասին տեղեկանում ենք Deutsche Welle-ի ռուսական ծառայությունից:
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան ընդգծել է, որ հյուսիսկորեական հրթիռի ցանկացած արձակում լրջորեն կխախտի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, որոնք դատապարտում են ԿԺԴՀ-ի միջուկային և հրթիռային գործունեությունը:
«Նույնիսկ եթե դա կոչեն արբանյակ, ապա բալիստիկ հրթիռի օգնությամբ արձակումը կլինի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի խախտում և լուրջ խնդիր, որն սպառնում է մարդկանց անվտանգությանը», – հայտարարել է Կիսիդան։
Հարավային Կորեայի արտգործնախարարությունը նույնպես դատապարտել է Փհենյանի կողմից նախատեսվող արձակումը:
«Մեր կառավարությունը խստորեն նախազգուշացնում է չկատարել հայտարարված սադրանքներ, որոնք սպառնում են տարածաշրջանի խաղաղությանը, կոչ է անում անհապաղ հրաժարվել անօրինական արձակման պլանից», – հայտարարել են Հարավային Կորեայի ԱԳՆ-ում:
Գերատեսչությունում հավելել են, որ Սեուլը «վճռականորեն կարձագանքի սադրանքներին»՝ ԱՄՆ-ի և Ճապոնիայի հետ սերտ համագործակցության և միջազգային հանրության հետ փոխգործակցության հիման վրա:
Ճապոնիայի առափնյա պահպանությունը AFP-ին հայտնել է, որ Հյուսիսային Կորեայի իշխանություններն իրենց տեղեկացրել են այն մասին, որ հրթիռը արձակվելու է մայիսի 31-ից մինչև հունիսի 11-ն ընկած ժամանակահատվածում: Ակնկալվում է, որ հրթիռը կընկնի Դեղին ծովը:
Պաշտոնական Տոկիոն արբանյակի արձակումը համարում է զենքի փորձարկում։ Ճապոնիան իր հակահրթիռային պաշտպանության համակարգը բերել է պատրաստության վիճակի և հայտարարել, որ խոցելու է իր տարածքին սպառնացող ցանկացած արկ։ Բացի այդ, ըստ AFP-ի՝ վարչապետ Կիսիդան պաշտոնատար անձանց հանձնարարել է իրենց գործողությունները սերտորեն համակարգել Միացյալ Նահանգների և Հարավային Կորեայի հետ։
«Մեծ յոթնյակի» անդամ երկրների արտգործնախարարները Ճապոնիայում ապրիլին կայացած հանդիպման ժամանակ Հյուսիսային Կորեային կոչ են արել զերծ մնալ միջուկային զենքի կամ բալիստիկ հրթիռների հետագա փորձարկումներից։ Նրանք սպառնացել են «արագ, միասնական և վճռական միջազգային պատասխան» տալ ԿԺԴՀ-ի նոր հրթիռային փորձարկումներին։