
Մոսկվան հույս ունի, որ Երևանին ու Բաքվին կհաջողվի ստորագրել խաղաղության պայմանագիրը. ՌԴ փոխարտգործնախարար

Ռուսական կողմը պատրաստ է շարունակել ցուցաբերել ամեն տեսակի աջակցություն հայ-ադրբեջանական կարգավորման ուղղությամբ և հույս ունի, որ Բաքվին ու Երևանին կհաջողվի ստորագրել խաղաղության պայմանագիրը, ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։
Հարցին, թե այսօր հնարավո՞ր է խաղաղություն Ադրբեջանի և Հայաստանի միջև ռուսաստանցի պաշտոնյան նշել է, որ «խաղաղության պայմանագրի ձեռքբերումը մեծապես կախված է կարգավորման բոլոր ուղիների առաջընթացից»:
«Հենց դրան է ուղղված մեր աջակցությունը, այդ թվում՝ վիճելի հարցերին հավասարակշռված փոխզիջումային լուծումներ որոնելը, որոնք ձեռնտու կլինեն ինչպես Բաքվին, այնպես էլ Երևանին»,- նշել է Գալուզինը և պնդել, որ հինգշաբթի օրը Մոսկվայում կայացած բանակցությունները նպաստել են կողմերի միջև փոխըմբռնման բարելավմանը, մի շարք հարցերի շուրջ դիրքորոշումների մերձեցմանը:
Փակագծեր ռուսաստանցի դիվանագետը չի բացել։
«Մենք կշարունակենք այդ նպատակին ուղղված մեր ամեն տեսակի օգնությունը Բաքվին և Երևանին։ Հուսով ենք, որ նման կանոնավոր շփումները հնարավոր կդարձնեն վերջնական խաղաղության պայմանավորվածություններին հասնել»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարի՝ հետխորհրդային տարածքը համակարգող տեղակալը։