Բաժիններ՝

Միգրացիոն ճգնաժամի պատճառով Չիլին Վենեսուելա կուղարկի 2018 թ.-ից ի վեր առաջին դեսպանին

Չիլիի նախագահ Գաբրիել Բորիչը դիվանագետ Խայմե Գասմուրի Մուխիկային նշանակել է Վենեսուելայում հանրապետության դեսպանի պաշտոնում: Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, այս մասին հայտնել է Չիլիի արտաքին գործերի նախարարությունը։

Պաշտոնը թափուր էր 2018 թվականից:

«Արտաքին գործերի նախարար Ալբերտո վան Կլավերենն այսօր հայտնել է, որ նախագահ Գաբրիել Բորիչը Խայմե Գասմուրի Մուխիկային նշանակել է Չիլիի դեսպան Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետությունում»,- ասված է մայիսի 25-ին տարածված հաղորդագրության մեջ:

2014-2018 թթ.-ին դիվանագետը Չիլիի դեսպանն էր Բրազիլիայում։

Դեսպանի նշանակման որոշումը կայացվել է Չիլիի հյուսիսում միգրացիոն ճգնաժամի պայմաններում։ Անօրինական միգրանտների մեծ մասը կազմում են Վենեսուելայի քաղաքացիները։ Մայիսի կեսերին Չիլիի արտգործնախարարության ներկայացուցիչներն այցելել են Կարակաս՝ քննարկելու վենեսուելացիների հայրենիք վերադարձի խնդիրը։

Ավելի վաղ Չիլիի նախագահը քննադատական ​​դիտողություններ էր արել Վենեսուելայի կառավարության հասցեին՝ նրանց մեղադրելով մարդու իրավունքների խախտման մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս